Շուտով նոր տրոլեյբուսներ կհայտնվեն փողոցներում
Նոր տրոլեյբուսների մաքսազերծման աշխատանքներն սկսվում են: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 19-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական նիստի ժամանակ:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է, թե տրոլեյբուսների երկրորդ խմբաքանակը մոտավորապես, երբ կգա Հայաստան, ինչին Տրանսպոևրտի վարչության պետի պաշտոնակատար վազգեն Հարությունյանը պատասխանեց, որ պայմանագրով 6 ամիս է նախատեսված մատակարարման ժամկետը: Տրոլեյբուսներն ունեն 12 մետր երկարություն, ցածրահատակ են և հարմարեցված նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին:
Սրահում տեղադրված են տեսախցիկներ, առկա է անլար համացանց: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի քաղաքապետարանն իր միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15 տրոլեյբուս ձեռք կբերի ՀՀ կառավարության աջակցությամբ։ Այժմ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տրանսպորտային պարկի թարմացման ուղղությամբ։ Մայրաքաղաքի բնակիչներին մինչև տարեվերջ կսպասարկեն 87 MAN մակնիշի ավտոբուսներ (105 նստատեղ) և 150 հատ 8,6 մետր երկարությամբ Zhong Tong ավտոբուսներ ( 60 նստատեղ):