Ինչու են Վարդավառի լճում ձկները սատկել. ջրում լուծված թթվածնի անհրաժեշտ քանակությունը պակաս է

Համացանցում տարածված՝  Երևան քաղաքի Վարդավառի լճում անկած ձկների վերաբերյալ ահազանգի հետքերով՝ Բնապահպանության և ընդերքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցները նշված վայրում իրականացրել են համատեղ ուսումնասիրություններ, կատարվել է ջրի լաբորատոր հետազոտություն և ձկան նմուշառում։

Տեսչական մարմնից հայտնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ջրում լուծված թթվածնի անհրաժեշտ քանակությունը պակաս է:

Ձկան նմուշների հետազոտությամբ հայտնաբերվել է ձկների «Աերոմոնոզ» վարակիչ հիվանդությունը, որը զոոնոզ չէ՝ մարդուն չի փոխանցվում։ Սակայն կան հիվանդության զարգացմանը նպաստող մի շարք գործոններ, որոնցից, տվյալ դեպքի համար, կարելի է առանձնացնել ջրի մեջ թթվածնի պակասը:

Դա էլ հանդիսացել է ձկների զանգվածային անկման հիմնական պատճառ։

Աղբյուրը՝   news.am