Երևանի կանգառներում կտեղադրվեն էկրաններ, որպեսզի մարդիկ իմանան, թե ավտոբուսը որտեղ է և քանի րոպեից կհասնի
Մեզ պետք է արդեն մտածել, որ կանգառներում համապատասխան էկրաններ լինեն, որպեսզի մարդիկ իմանան՝ ավտոբուսը որտեղ է և քանի րոպեից կանգառում կլինի։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետի տեղակալը հանձնարարել է այս ուղղությամբ աշխատել։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն էլ ներկայացրել է, որ արդեն ներդրվել է օնլայն քարտեզի վրա հանրային տրանսպորտի տեղաշարժը ֆիքսելու հավելված։
Բացի այդ, Հարությունյանը հայտնել է, որ բավական ծանր բանակցություններից հետո շաբաթ օրը գրավոր հաստատում են ստացել, որ Zhong Tong ընկերությունը պատրաստ է հավելյալ 30 ավտոբուս տալ նույն պայմանագրի շրջանակներում՝ առանց պայմանագիրը փոփոխելու, այսինքն՝ առանց հավելյալ նոր վճարի։