Ներդրումներ թե ՞ միջազգային ստանդարտներ , ինչպես զարգացնել հանքարդյունաբերությունը

Հնարավո՞ր է  արդյոք Հայաստանում զարգացնել հանքարդյունաբերություն՝ առանց վնաս հասցնելու մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին։  Պարզվում է՝ հնարավոր է։ Հնարավորությունն ավելի առարկայական է  դարձնում «Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը»։ Փաստաթուղթը միտված է այսուհետ կանոնակարգելու ոլորտը՝ տալով տնտեսվարողներին հետաքրքրող հարցերի պատասխանները։ Իսկ թե որքանով փաստաթուղթը կլինի գործուն և որքանով կաշխատի, ցույց կտա ապագան։

Ռազմավարությամբ սահմանված է 3 նպատակ՝ երկրաբանության միասնական թվային տեղեկատվական շտեմարանի ստեղծում ու վարում, ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացում, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների, մոտեցումների կիրառում:  Փաստաթուղթն ունեցել է լայն հանրային քննարկում՝ 22 բանավոր հանդիպում, շուրջ 1000 առաջարկ և մեկնաբանություն, համաձայնեցվել է տարբեր գերատեսչությունների, ՀԿ-ների, միջազգային գործընկերների հետ:

Ռազմավարությամբ ամրագրված է, որ  հանքարդյունաբերության ոլորտից հանրությունը, պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ, ընդ որում՝ ուղղակի և անուղղակի, այդ թվում նաև՝ ազդակիր համայնքները, տեղական ինքնակառավարման մարմինները: Բացի այդ, հանքարդյունաբերությունը պետք է հնարավորինս արդյունավետ կառավարի բնապահպանական ռիսկերը: Ընդ որում՝ ոչ միայն շահագործման ընթացքում ի հայտ եկող, այլև՝ շահագործումից հետո, մասնավորապես, ռեկուլտիվացիայի, այսինքն՝ հանքերի փակման, հետագայում այդ տարածքները, այսպես ասած, քաղաքացիական շրջանառության վերադարձնելու գործընթացում և այդպես շարունակ:

Եվ երրորդը՝ հանքարդյունաբերությունն օր առաջ պետք է հնարավորինս արագ մոտեցնել միջազգային լավագույն ստանդարտներին:

Ավելի շատ գումա՞ր, թե ՞ ներդումային գրավչություն
ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը  միջազգային փորձն է  մեջբերում նշում է՝ միջազգային ստանդարտներն ու ներդումային գրավչությունը պետք է մեկ հարթակի վրա դիտարկել։ Անհրաժեշտ  է ոլորտում ներդրումների գրավչությունն ավելացնել։  Բայց և կարևորում է  որակյալ ներդրումները։ Կարևորում է այն, որ  ռազմավարությունում  բնապահպանական, սոցիալական ու կառավարչական ստանդարտների կիրարկումն  ակնհայտ է ։ Հենց սա է, որ ճիշտ ուղենիշեր է սահմանում՝ արձանագրում է Ստեփանյանը.

   

Արդյո՞ք փաստաթուղթը հանքարդյունաբերության  ոլորտի արժևորմանն է ուղղված
ՏԿԵՆ փոխնախարար  Հովհաննես Հարությունյանն ընդգծում է՝  կառավարության համար ներդրումներ ներգրավելը կամ գրավչությունը բարձրացնելն  ինքնանպատակ չէ։ Կարևոր է, որ ապրենք ու սերունդներին թողնենք այնպիսի պետություն, որտեղ ստանդարտները հստակ ու կանխատեսելի լինեն։ Փոխնախարարը հիշեցնում է՝ փաստաթուղթը մշակել են, որպեսզի տնտեսության մեջ հանքարդյունաբերության հստակ տեղն ու դիրքը մատնանշեն։

Կառավարությունն անելիքներ ունի, պատրաստվում է նոր ստանդարտների հետ կապված որոշումներ կայացնել, որպեսզի   բնապահպանական, սոցիալական, առողջապահական ռիսկերը կառավարելի դառնան։ Ընդերքի ռացիոնալ օգտագործումը նույնպես օրակարգում է։  «Փաստաթուղթը մինչև 2035թ ընդհանրական աշխատանքների համար պատրաստ է։ Մենք քննադատությունից չենք վախենում, պատրաստ ենք լսել բոլոր դիտարկումները, եթե անհրաժեշտություն կա ինչ- որ բան կոնկրետացնելու, կանենք»,– արձանագրում է Հովհաննես Հարությունյանը։

Հանքարդյունաբերությունը վնասներ է կրում
2022–ին պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների 10 տոկոսը բաժին է  ընկնում հանքարդյունաբերական ոլորտին։ Առաջին եռամսյակի  տվյալներով, սակայն,  հազար խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում հանքարդյունաբերական ձեռնարկությունները զիջել են իրենց դիրքերը՝ բացառությամբ ԶՊՄԿ–ի։ Ոլորտում առկա խնդիրները հիմնականում արտարժութային ռիսկերով են պայմանավորված։ Հանքարդյունահանողները Կենտրոնական բանկից են աջակցություն ակնկալում, բայց ՏԵԿ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը հստակեցնում է՝  գլխավոր դրամատունը գնաճի զսպմանն ուղղված միջոցառումներ է իրականացնում։ Փոխարժեքի վրա արհեստական ազդեցություն չի կարող ունենալ

«Եթե մենք ուղղակի ֆինանսի հարցն ենք դիտակում որպես աջակցություն, այս պահին նման գործիք չենք քննարկում։  Սակայն աջակցության այլ օրինակներ կան․ 2022–ի սեպտեմբերից արտահանման տուրքը հանվեց, սա ոլորտի համար կարևոր էր»։

ՀՀ–ում  բոլոր ոլորտներն աջակցության կարիք ունեն՝ հստակեցնում են հանքարդյունահանողները։ Կարևորում են այդ առումով յուրաքանչյուր գործիք։

Թեմայից դուրս

Երբ  44–օրյա պատերազմից հետո թշնամուն անցավ Քարվաճառը՝  խնդիրներ առաջացան նաև Սոթքի հանքավայրում։ Հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է աշխատանքները։ Փոխնախարարի տեղեկացմամբ, Սոթքում հանքավայրի աշխատանքները շարունակվում են ստորգետնյա եղանակով։

Այս պահին Հայաստանում  ոլորտից ամենամեծ արդյունքն ակնկալվում է  Ամուսլարի հանքավայրի շահագործումից։ «Լիդիան Արմենիա»–ի  գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հստակեցնում է՝  Ամուլսարում այս պահին ինժեներական աշխատանքներ են ընթանում և հեշտ չէր երկարատև դադարից հետ նորից վերսկսել աշխատանքները

Փետրվարի վերջին  կառավարությունը  250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր ստորագրեց «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ։  Նոր ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը ՀՀ–ինն է։ «Լիդիան Արմենիան» նախատեսում է 2024 թվականին ունենալ իր առաջին ոսկին։ 

 «Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը՝ պատասխանատու հսնքարդյունաբերության տեսանկյունից»  թեմայով կլոր սեղան քննարկումը կազմակերպել էր տնտեսական լրագրողների ակումբը։ Ներկա էին ոլորտի գրեթե բոլոր շահագրգիռ կողմերը։