Վրաստանը հինգ անգամ կրճատել է Ադրբեջանից նավթամթերքների ներմուծումը դրանց ցածր որակի պատճառով
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2023թ. առաջին հինգ ամսում Վրաստանը Ադրբեջանից ներմուծել է 10,8 հազար տոննա նավթ եւ նավթամթերքներ՝ 9,7 մլն դոլար ընդհանուր գումարով։ 2022թ. նույն ժամանակամիջոցում նավթամթերքների վրացական ներմուծման ծավալը կազմել է 56,6 հազար տոննա (48 մլն դոլար)։ Պարզվում է, Վրաստանը ներմուծումը կրճատել է պահանջվող ստանդարնտերին համապատասխան դիզելային վառելիք արտադրելու Ադրբեջանի անկարողության պատճառով։
SOCAR Georgia Petroleum-ի գլխավոր տնօրեն Նոդար Կանչավելին հայտարարել է, որ Վրաստանն ադրբեջանական վառելիքի ներմուծումը հասցրել է նվազագույնի, քանի որ 2023թ. հունվարի 1-ից Վրաստանն անցել է «Եվրո-5» ստանդարտի դիզելային վառելիքի, որն Ադրբեջանը չի արտադրում։
Ադրբեջանի մաքսային կոմիտեի վիճակագրությունը եւս վկայում է, որ 2023թ. առաջին հինգ ամիսներին Ադրբեջանը 11,7 մլն տոննա հում նավթ է արտահանել՝ ստանալով 7 մլրդ 220 մլն դոլար։ Անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ վաճառքի մակարդակն ավելացել է 400 000 տոննայով։ Բայց, չնայած արտահանման ծավալի ավելացմանը, եկամուտները կրճատվել են 800 մլն դոլարով, ինչը կապված է սեւ ոսկու համաշխարհային գնի անկման հետ։
2023թ. Ադրբեջանի արտահանման 91 տոկոսը բաժին է ընկել նավթագազային սեկտորին, դրանց 46 տոկոսը՝ հում նավթի արտահանմանը։ Հիմնական գնորդը Իտալիան է։ Երկրորդ տեղում, Իսրայելին երրորդ տեղ «մղելով», զբաղեցրել է Իսպանիան։
Ադրբեջանական հում նավթի ներմուծումն ավելի քան երեքուկես անգամ ավելացրել է եղբայրական Թուրքիան (780 000 տոննա, հինգերորդ տեղ)։ 2022թ. Թուրքիան անգամ տասնյակում չէր։ Ֆրանսիան Ադրբեջանից ներմուծել է 190 000 հում նավթ։ Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային՝ Ադրբեջանի էներգետիկ սեկտորի հիմնական ներդրողին, ապա այս տարվա առաջին հինգ ամիսներին նա առհասարակ ադրբեջանական նավթ չի գնել, չնայած 2022-ին բրիտանական ներմուծումը կազմել է 614 000 տոննա։
Աղբյուրը՝ news.am