Կառավարության նիստում կարևորվել են երկրում կապիտալի շուկայի զարգացման միտումները
Հուլիսի 13-ին կայացած Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության նախորդ նիստում կայացրած մի կարևոր որոշման, որը վերաբերում է կապիտալի շուկայի զարգացմանը՝ հիշեցնելով, որ կառավարության և՛ 2018 թվականի, և՛ 2021 թվականի ծրագրում հատուկ տեղ է տրվում կապիտալի շուկայի զարգացմանը։ «Վերջերս մենք նաև ներգրավում ունեցանք, մեր բորսայում նոր բաժնետերեր, նոր ներդրողներ հայտնվեցին, ինչը մեզ հույս է տալիս, որ այդտեղ աշխուժություն կունենանք։ Կառավարության նախորդ նիստում որոշում կայացրեցինք աջակցություն ցուցաբերել այն ընկերություններին, որոնք այսպես ասած, կգնան ցուցակման»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ ֆոնդային արժեթղթերի շուկայի զարգացումը հնարավորություն կտա, որպեսզի ընկերությունները նաև այլ աղբյուրներից իրենց անհրաժեշտ միջոցները ներգրավվեն։ Մյուս կողմից, վարչապետի խոսքով, քաղաքացիներն իրենց խնայողություններն այսօր, ըստ էության, հնարավորություն ունեն ներդնել միայն բանկերում՝ ավանդների ձևով, և կապիտալի շուկայի զարգացումը քաղաքացիներին հնարավորություն կտա, որպեսզի իրենց միջոցները ներդնեն երկու տարբերակով՝ կամ որոշակի ընկերություններում իրենց ընտրությամբ և գնահատմամբ, որոնք ցուցակված են, ձեռք բերել բաժնետոմսեր՝ այդպիսով մասնակցելով տնտեսական և ներդրումային կյանքին, կամ պարտատոմսեր։ «Եվ, ահա, մենք որոշակի մեխանիզմ ենք ստեղծել, մասնավորապես՝ պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար տեղաբաշխման անվանական ծավալի 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 30 մլն դրամ, մենք օժանդակություն ենք տրամադրում ընկերություններին։ Պարտատոմսերի շրջանառության համար տեղաբաշխման անվանական ծավալի 3-ական տոկոսի չափով առաջին 3 տարիների համար, սակայն ոչ ավել քան 45 մլն դրամը շրջանառության յուրաքանչյուր 12 ամիսների համար: Բաժնետոմսերի թողարկման համար փաստացի կատարման ծախսերի 80 տոկոսի չափով օժանդակություն արտաքին աուդիտի, բանկային և բորսայական ծառայությունների ծախսերը՝ կապված թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման հետ փոխհատուցելու կամ օժանդակելու համար։ Միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի 50 տոկոսի չափով սուբսիդավորում, սակայն Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում՝ առաջին տարվա ծախսերի մինչև 80 տոկոսի չափով սուբսիդավորում, 30 տոկոս՝ ի հավելում նախորդ 50 տոկոսի, եթե պահպանվել են պարտատոմսերի վերաբերյալ նախագծով նախատեսված պահանջները», - նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, 2018 թվականից Հայաստանի տնտեսական զարգացման նոր իմպուլս հաղորդելուն ուղղված քայլերում առանցքային տեղ է զբաղեցրել այն, որ կապիտալի շուկայի զարգացումը կարող է դառնալ այն նոր կոմպոնենտը, որը ոչ միայն տնտեսական զարգացման նոր խթան կդառնա, այլ նաև մարդկանց սոցիալական պաշտպանվածության նոր մեխանիզմ: «Եկեք չմոռանանք, որ սա Հայաստանի Հանրապետությանը բացարձակապես անծանոթ թեմա է: Նույնիսկ տեղյակ մարդիկ կարող են նրբությունների և հնարավորությունների մասին չիմանալ: Այս առումով՝ չափազանց կարևոր եմ համարում, որ մենք զուգահեռ պատշաճ հանրային իրազեկում իրականացնենք, որպեսզի մարդիկ այս հնարավորությունների մասին իմանան, կարողանան իրենց հնարավորությունները ճիշտ կառավարել», - հավելել է վարչապետը:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում մարդկանց անհատական հաշիվների վրա բավականին շատ գումարներ են կուտակվում, և երկու պրոֆեսիոնալ ֆոնդ կառավարողները շատ մեծ ցանկություն ունեն նոր ակտիվներում ձեռքբերումներ իրականացնել, այսինքն, եթե մի կողմից ապահովվի այդ տիպի ակտիվների մուտքը շուկա պարտատոմսերի և բաժնետոմսերի տեսքով, բնակչությունը հնարավորություն կունենա միջնորդավորված իրենց կենսաթոշակային հաշիվներում առկա միջոցների հաշվին նաև ֆինանսավորելու այդ տիպի գործառնությունները:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ևս մեկ կարևոր հանգամանք է ընդգծել, ըստ որի՝ բորսայում ցուցակված կազմակերպությունը կամ միջազգային վարկանիշ ստացած կազմակերպությունը կարևոր է ոչ միայն այն տեսանկյունից, որ այդ կազմակերպությունը հաշվետու և թափանցիկ է իր անցյալ գործունեության մասով, այլ նաև ունի ապագա գործունեության աընդհատության և շարունակականության վստահելիություն:
Ֆինանսների նախարարի հավաստմամբ, կառավարությունը կապիտալի շուկայի զարգացման մեջ էական դեր է խաղում այն իմաստով, որ պետական գանձապետական պարտատոմսերի լիկվիդայնությունը և նրանց շուկայի զարգացումն էական ազդեցություն են ունենում և շուկա ձևավորում: Եթե մասնավոր ընկերությունները պետք է վարկանիշ ստանան՝ ուղղորդվում են սուվերեն վարկանիշով, և մեր պարտատոմսերի գնանշումները հետագայում ուղենիշ են հանդիսանում մասնավոր ընկերությունների համար: «Այստեղ պետք է մեծ ուրախությամբ նշեմ, որ մեր պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը վերջին ամիսներին էականորեն փոխվել է, և ունենք մեծ հետաքրքրություն աշխարհի խոշորագույն ներդրումային կազմակերպությունների և բանկերի կողմից, ովքեր մեծ ցանկություն ունեն ներդրումներ կատարել պետական գանձապետական պարտատոմսերում դրամով գնանշված», - հավելել է Ֆինանսների նախարարը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, մեր երկրի ռիսկերը, ըստ միջազգային առաջնակարգ վարկանիշային ընկերությունների գնահատման, այնպիսին են, որ շատ հրապուրիչ է ներդրումների համար, բայց գործիքների բացակայության պատճառով այդ հոսքը չի գալիս: Ըստ փոխվարչապետի, բորսայական առևտրի խթանումն օտարերկրյա շատ լուրջ դիվերսիֆիկացված ներդրումների հարթակ է նաև: «Ես կարծում եմ, որ դա էլ շատ կարևոր ռազմավարական նպատակ է, որովհետև օտարերկրացի ֆիզիկական անձը պետք է հնարավորություն ունենա հայկական կապիտալում ինտերնետով ներդրում անի, և դա որակապես փոխելու է ներդրումային միջավայրը և հնարավորությունները», - ասել է փոխվարչապետը:
Վարչապետի պարզաբանմամբ, այս մեխանիզմները շատ կարևոր են, քանի որ երբ օտարերկրյա խոշոր ներդրողը ՀՀ կառավարության պարտատոմս է ձեռք բերում, դա, առաջին հերթին, վստահություն է Կառավարության և երկրի նկատմամբ:
Փոխվարչապետի հավաստմամբ, այս թեման ռազմավարական գերկարևոր նշանակություն ունի, որովհետև նրա ազդեցությունը ֆինանսական համակարգի և ֆինանսների շրջանառության վրա էլ է շատ լուրջ:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ հետաքրքրությունը մեր պետական գանձապետական պարտատոմսերի նկատմամբ տեղի է ունենում մի միջավայրում, երբ աշխարհում տոկոսադրույքները բարձրանում են, իսկ Հայաստանում տոկոսադրույքներն իջնում են: Այս հետաքրքրությունը նաև նշանակում է, որ կա սպասում, որ Հայաստանում տոկոսադրույքները շարունակելու են իջնել: