Հայաստանը՝ պատժամիջոցների ենթարկված Ռուսաստանի համար նոր Մետաքսի ճանապարհ. Financial Times

Միայն 2023 թվականի հունվարին Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն ավտոմեքենաների արտահանումը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 200 անգամ՝ կազմելով 180 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Financial Times-ը։

Հայաստանը մեքենաներ չի արտադրում, սակայն այս փոքրիկ երկրի ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան կտրուկ աճել է անցյալ տարի Ուկրաինա ներխուժումից հետո՝ 2022 թվականի հունվարի 800,000 դոլարից մինչև այս տարվա նույն ամսին 180 միլիոն դոլարից մի փոքր ավելի:

Ավտոմեքենաներն ամենաակնառու օրինակն են, սակայն Հայաստանից Ռուսաստան այլ ապրանքների արտահանումը նույնպես աճել է, ինչը հանգեցրել է 2022 թվականին երկու երկրների միջև առևտրի գրեթե կրկնապատկմանը։

Ռուս սպառողները դիմել են երրորդ երկրներին՝ փնտրելով այն, ինչ իրենց պակասում է արևմտյան պատժամիջոցների պատճառով և կորպորացիաների հեռացումից հետո, ինչի հետևանքով այնպիսի երկրները, ինչպիսիք են Հայաստանը, Թուրքիան և Ղազախստանը հայտնվել են սպառողական ապրանքների առևտրի՝ նոր աշխույժ ճանապարհի կենտրոնում:

Հայաստանի համար սա նպաստեց հսկայական բումին. երկրի համախառն ներքին արդյունքը 2022 թվականին աճեց ռեկորդային 13 տոկոսով՝ ավելի քան կրկնակի անգամ գերազանցելով նախորդ տարվա տեմպերը։

Բայց դա նաև հիասթափեցրեց արևմտյան մայրաքաղաքներին: ԱՄՆ պաշտոնյաները մարտին Հայաստանը ներառել են այն պետությունների թվում, որոնք օգտագործվում են Ռուսաստան «մաքսանենգ ճանապարհով արգելված ապրանքներ տեղափոխելու համար»: ԵՄ պատժամիջոցների վերջին փաթեթում, որն ուղղված է երրորդ երկրների շրջանցումը կանխելուն, մեղավորների թվում են նաև Հայաստանի կազմակերպությունները։

Հայաստանի իշխանությունը կտրականապես հերքում է այս մեղադրանքը։ Պատժամիջոցների շրջանցման մասին լուրերը «ոչ այլ ինչ են, քան ասեկոսեներ», մարտին ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իրականությունը ճիշտ հակառակն է»։ 

«Հայաստանի ղեկավարությունը հրապարակայնորեն հայտարարել է բոլոր ռիսկային ապրանքների առևտուրը սահմանափակելու՝ իր մտադրության մասին», - հայտարարել է ԱԳՆ-ն՝ հավելելով, որ սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ և կազմել է ապրանքների ցանկ, որոնք կարող են օգտագործվել ռուս զինվորականների կողմի, որոնք այժմ գտնվում են հատկապես խիստ հսկողության տակ։

Ըստ բրոքերների և գնորդների՝ մեքենաները հիմնականում գալիս են ԱՄՆ-ից՝ Վրաստանի Փոթի նավահանգստով: Դրանցից շատերն այնուհետև առաքվում են Հայաստան՝ մաքսազերծելու համար, քանի որ երկիրը Ռուսաստանի հետ առանց մաքսատուրքերի առևտրի բլոկի մաս է կազմում։

Գյումրի քաղաքն առանցքային տրանսպորտային հանգույց է, որտեղից մեքենաներն ուղղվում են դեպի հյուսիս՝ դեպի Ռուսաստան՝ ճանապարհով, որը կրկին անցնում է Վրաստանով։

2022 թվականի հունվարին՝ մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 2,8 միլիոն դոլարի ավտոմեքենա։ Սակայն մեկ տարի անց այդ ցուցանիշը հասավ 29,5 միլիոն դոլարի: Այդ ժամանակից ի վեր ցուցանիշը շարունակել է աճել։ Այս տարվա ապրիլին Հայաստանը ներմուծել է 34 մլն դոլարի ամերիկյան ավտոմեքենա։

Գնորդների ու բրոքերների խոսքով՝ դրանցից շատերը էժան գնվում են ԱՄՆ-ում՝ օգտագործված ապահովագրական աճուրդներում, որտեղ մեքենաներն ապահովագրողների կողմից շահագործումից հանված են համարվում: Այնուհետեւ մեքենաները վերանորոգվում են Վրաստանի կամ Հայաստանի վերանորոգման խանութներում։ Սա ապահովում է բարձր շահույթի մարժաներ: Վերանորոգված օգտագործված մեքենաները Ռուսաստանում կարող են վաճառվել իրենց արժեքից շատ ավելի թանկ, թեև դրանք երկար ճանապարհ ունեն անցնելու:

Այն նաև վաճառողներին պահում է եվրոպական պատժամիջոցների գնի սահմանաչափին համահունչ, որը որոշ տեղական մաքսային պաշտոնյաներ այժմ պահանջում են:

Թեև Արևմուտքը ցանկանում է խստացնել արտահանման հսկողությունը, որոշ վերլուծաբաններ նաև զգուշանում են զսպել տարածաշրջանի փոքր տնտեսությունների աճի տեմպերը, որոնք, կարծես թե, ավելի ու ավելի են հակված խզելու իրենց պատմական կապերը Ռուսաստանի հետ և թեքվելու դեպի Արևմուտք:

Վերջին աշխատանքային փաստաթղթում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը նշել է, որ թեև այս առևտուրն այնպիսի երկրների միջոցով, ինչպիսին Հայաստանն է, ընդամենը մի փոքր մասն է նրա, ինչ Ռուսաստանը ներկրում էր Արևմուտքից, «այդ գումարները միջնորդ երկրների համար մեծ են» և «զգալի ներդրում» են ունեցել դրանց տնտեսական աճին։

Աղբյուրը՝   news.am