Կապիտալ նորոգման են ենթարկվում Ակունքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը եւ նիստերի դահլիճը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում կապիտալ նորոգման են ենթարկվում մարզադահլիճի եւ նիստերի դահլիճի մասնաշենքերը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագիրն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով եւ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվերով։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 220 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի մայիսից եւ կավարտվեն 2023 թվականի վերջերին։ Ծրագրով նախատեսվում է դպրոցի մարզադահլիճի եւ նիստերի դահլիճի հին տանիքի եւ ծակի քանդում, հիմքերի եւ պատերի ամրացում, հանդերձարանների կառուցում, ներքին հարդարման աշխատանքների իրականացում։ 2023 թվականի հուլիսի 18-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտվել են շուրջ 50 տոկոսով։  

Շինաշխատանքների մշտադիտարկման անցկացման նպատակով վերջերս Ակունքի միջնակարգ դպրոցի շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։