Սեւան-Քաղսի 2650 մետր երկարության կոյուղու կոլեկտորի 2000 մետր հատվածն արդեն կառուցված է

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում ավարտին են մոտենում Սեւան-Քաղսի կոյուղագծի կառուցման աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել է 2021 թվականին, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր-փուլ 3․ Հայաստան, ջրամատակարարում եւ ջրահեռացում» ծրագրի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր-փուլ 3․ Հայաստան, ջրամատակարարում եւ ջրահեռացում» ծրագրի ղեկավար Հրաչ Զալինյանը, Սեւան-Քաղսի կոյուղու կոլեկտորի շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 408 հազար 403 եվրո։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի, «Եվրոպական ներդրումային բանկի» եւ Եվրամիության ֆինանսական միջոցների հաշվին, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցով։  Ծրագրով նախատեսվում է 2650 գծամետր երկարության կոյուղու կոլեկտորի կառուցում, որից 2000 մետրն արդեն կառուցված է։ Ծրագրի իրականացումը կենսական խնդիր էր դարձել Սեւան համայնքի Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի բնակիչների համար, քանի որ Սեւան-Քաղսի կոյուղու կոլեկտորը քայքայվել էր, չէր ծառայում իր նպատակին, իսկ կեղտաջրերը ողողում էին Վարսեր գյուղի տնտեսությունների բակերը կամ տնամերձերը, ինչպես նաեւ Ծաղկունքի ու Գեղամավանի դաշտերը, ինչի հետեւանքով տասնյակ հեկտարների վրա մարդիկ չէին կարողանում մշակել իրենց հողերը։

Շինարարական աշխատանքներն իրականացնող «Բլեսկ» ՍՊԸ աշխղեկ Սուրեն Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքները կավարտվեն 2023 թվականի օգոստոսի առաջին տասնօրյակում։

«Սեւանի կոյուղու նոր  կոլեկտորի շինարարությունը չափազանց հրատապ էր, քանի որ տարիներով անելանելի վիճակ էր  ստեղծվել Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի բնակիչների համար։ Վարսերում կոյուղագիծը քայքայվել էր, կեղտաջրերը լցվում էին մարդկանց բակերն ու տնամերձերը՝ գարշահոտություն տարածելով ու հակասանիտարական վիճակ ստեղծելով շրջապատում։ Նույն վիճակն էր նաեւ Գեղամավանի ու Ծաղկունքի հողատարածքներում։ Կոյուղու կոլեկտորը պետք է միանա Քաղսիի մաքրման կայանին, որի շինարարությունն այս պահին գտնվում է նախագծման փուլում ու առաջիկայում կմեկնարկի», - ներկայացրեց Սուրեն Մարտիրոսյանը։