Հայաստանի առևտրատնտեսական հեռանկարները. 2022թ. ձեռքբերումներ և 2023թ. կանխատեսումներ․ Աղասի Թավադյան

Tvyal.com հարթակի ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ, տնտեսագետ Աղասի Թավադյանի վերլուծությունը 

Հայաստանի ընթացիկ հաշվի վերլուծություն
Արտահանման աճը էական դեր ունի ցանկացած երկրի տնտեսական զարգացման գործում: Սա կարևոր է հատկապես զարգացող փոքր տնտեսություն ունեցող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է: Այս պետություններում հատկապես հրամայական է և բացասական առևտրային հաշվեկշռի, և վճարային հաշվեկշռի կարգավորման խնդիրը:
 
Այս տեսանկյունից արտահանման և ներմուծման միջև հավասարակշռված հարաբերակցության պահպանումը չափազանց կարևոր է տնտեսական կայունության և աճի պահպանման համար: Նշենք, որ 2022 թվականին Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել այս ոլորտում․ այսպես՝ ապրանքների և ծառայությունների ներմուծման-արտահանման հարաբերակցությունը կազմել է 1.043, այսինքն՝ ապրանքների և ծառայությունների ներմուծումն ընդհամենը 4.3% է գերազանցել արտահանմանը (ապրանքների և ծառայությունների ներմուծում` 10.1, իսկ արտահանում՝ 9.7 մլրդ ԱՄՆ դոլար): Այնինչ 2021-ին այս հարաբերակցությունը կազմում էր 1.221, 2020-ին` 1.331, իսկ 2010 թ. ճգնաժամային տարում` 2.518: Այս տարբերության նվազումը հիմնականում կապված է 202 թ. ծառայությունների արտահանման շեշտակի աճով:
Առևտրային հաշվեկշռի պակասուրդ է առաջանում, երբ երկրի ներմուծումը գերազանցում է արտահանումը, ինչը հանգեցնում է ապրանքների և ծառայությունների հոսքի անհավասարակշռության: Այս իրավիճակը էական մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի նման զարգացող փոքր տնտեսությամբ երկրների համար։ Առևտրային պակասուրդը կարող է լարվածություն առաջացնել երկրի արժութային պահուստների վրա` զգալի նվազեցնելով, նույնիսկ սպառելով դրանք, մեծացնել կախվածությունը արտաքին ներդրումների հոսքից և խոչընդոտել ներքին արդյունաբերության աճին։ Այսպիսով, Հայաստանի համար կարևոր է դառնում բարենպաստ առևտրային հաշվեկշռի պահպանման առաջնահերթությունը, որը կարող է աջակցել տնտեսական անկախության ապահովմանը:
Հայաստանի ընթացիկ հաշիվ ՀՆԱ-ի հարաբերակցությունը կարևոր ցուցիչ է, որն արտացոլում է միջազգային գործարքների և ներքին տնտեսության հավասարակշռությունը: Այս հարաբերակցությունը չափում է Հայաստանի արտահանման, ներմուծման և ֆինանսական փոխանցումների արժեքը ՀՆԱ-ի նկատմամբ: Բացասական հարաբերակցությունը ենթադրում է ընթացիկ հաշվի պակասուրդ, ինչը ցույց է տալիս, որ երկիրն ավելի շատ ներմուծում է ապրանքներ և ծառայություններ, քան արտահանում: Սակայն սա չի կարող հանդիսանալ երկարաժամկետ կայուն զարգացման ռազմավարություն և Հայաստանը այս քաղաքականության պայամաններում պետք է մշտապես ներգրավի արտաքին ներդրումներ և դրամական միջոցներ, որը մեծացնում է պետական պարտքը և Հայաստանի կախվածությունը այլ պետություններից և համաշխարհային ֆինանսական կազմակերպություններից:
Ինչպես երևում է առաջին գծապատկերից՝ 2022 թ. ընթացիկ հաշիվ ՀՆԱ հարաբերությունը կազմել է ռեկորդային -0.83%, այնինչ 2021թ. ընթացքիկ հաշիվ ՀՆԱ հարաբերությունը կազմում է -3.68%, իսկ 2019 թ.՝ -7.29%: Այսինքն՝ 2022 թ. գրեթե առկա չէ ընթացքիկ հաշվի պակասուրդ:
Գծապատկեր 1. Հայաստանի ընթքացիկ հաշիվի և դրա բաղադրիչների հարաբերությունը ՀՆԱ-ին
Երկար տարիներ Հայաստանը հետևողականորեն ունեցել է ընթացիկ հաշիվ ՀՆԱ-ի նկատմամբ բացասական հարաբերակցություն, ինչը վկայում է ընթացիկ հաշվի մշտական պակասուրդի մասին: Այնուամենայնիվ, 2022 թվականին պակասուրդը զգալիորեն նվազել է՝ հասնելով -0.83%-ից ցածր մակարդակի, որը էական բարելավում է նախորդ տարիների համեմատ։ Նշենք, որ մինչև 2020 թ. Հայաստանում առկա էր սկզբնական եկամուտների պրոֆիցիտ, որով Հայաստանը ապահովում էր բացասական առևտրային հաշվեկշիռը: Սկզբնական եկամուտներն իրենց մեջ ներառում են աշխատողների վարձատրությունը, ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները: Այսինքն՝ Հայաստանը միշտ ստիված է եղել ներգրավել ներդրումներ նաև իր բացասական առևտրային հաշվեկշիռի ֆինանսավորման նպատակով: 2020 թ. Հայաստանը սկսել է ավելի շատ ներդրում կատարել արտասահմանյան երկրներ, քան արտասահամից ստանալ ներդրումներ, սա հիմնականում պայմանավորված է ծառայությունների արտահանման պրոֆիցիտային զգալի աճով:
 
2022 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդի կրճատմումը կարող է խթանել ներդրողների վստահությունը, ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ և պոտենցիալ բարձրացնել վարկային վարկանիշները՝ հեշտացնելով միջազգային կապիտալի շուկաներ մուտքը և փոխառության բարենպաստ պայմանները: Այն նվազեցնում է կախվածությունը արտաքին ֆինանսավորումից, բարելավում է առևտրային հաշվեկշիռը, կայունացնում է արժույթը և մեծացնում է երկրի գրավչությունը ներդրողների համար: Այնուամենայնիվ, այս դրական միտումը պահպանելու համար կպահանջվեն շարունակական ջանքեր արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և ընդհանուր մակրոտնտեսական միջավայրի արդյունավետ կառավարման ուղղությամբ: ՀՆԱ-ի նկատմամբ ընթացիկ հաշվի բարելավված հարաբերակցությունը արտացոլում է Հայաստանի քայլերը դեպի տնտեսական կայունություն և հիմք է ստեղծում հետագա աճի և զարգացման համար:
 
Գծապատկեր 2. Հայաստանի արտահանման և ներմուծման կանխատեսում, մլրդ ԱՄՆ դոլար
 
Գնահատենք ՀՀ առևտաշրջանառության դինամիկան (գծապատկեր 2): Գծապատկերում ներկայացված է Հայատսանի առևտրաշրջանառության դինամիկան և դրա կանխատեսումը: Իրական տվյալների վերջնաժամկետը 2023թ. մայիսն է, որից հետո կատարվել է կանխատեսում ETS եղանակով:
 
Կանխատեսումը ցույց է տալիս, որ 2023 թվականի արդյունքներով արտահանման աճը, համեմատած ներմուծման աճի հետ, դանդաղելու է, և, ամենայն հավանականությամբ, արտահանումը 2023 թ, աճելու է մոտ 30%` կազմելով մոտ 7 մլրդ դոլար, իսկ ներմուծումն աճելու է մոտ 45%` կազմելով մոտ 13 մլրդ դոլար: Այսպես, ապրանքների ներմուծում-արտահանում հարաբերությունը 2022 թվականին իջել էր մինչև 1.6, ակնկալվում է, որ 2023 այն հետ է բարձրանալու և դառնալու է 1.8, ինչը բացասական է հավասարակշռված առևտրային հաշվեկշիռ ունենալու տեսանկյունից: