«Մարդիկ ինքնակամ կառույցների հաշվառման աշխատանքները թողնում են վերջին օրերին»․ ի՞նչ ժակետներ են սահմանված և ինչո՞ւ են թանկ չափագրման գները

Երևան քաղաքում ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի ժամկետների ավարտից հետո հերթը մարզերինն է։ Կադաստրի կոմիտեն պարբերաբար տեղեկացնում է, որ հանրապետության մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն:

Կոմիտեից մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հաշվառում պետք է իրականացնել հետևյալ ժամկետներում․ քաղաքային համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ Հիշեցնենք, որ մայրաքաղաք Երևանում մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կառուցված ինքնակամ կառույցների դեպքում հաշվառման վերջնաժամկետ էր սահմանված մինչև 2023 թվականի հունվարի 1-ը:

 Նշենք, որ այս գործընթացն իրականացվում է 2022 թվականի հունվարի 7-ից ուժի մեջ մտած ինքնակամ շինություններին առնչվող օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ (ՀՀ քաղաքացիական, Վարչական իրավախախտումների վերաբերյալ, Քրեական, Հողային, Վարչական դատավարության օրենսգրքեր, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքաշինության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներ)։ Ըստ օրենսդրության՝  2022 թվականի հունվարի 6-ից հետո ինքնակամ կառուցված ոչ մի շինություն չի օրինականացվելու։ Իսկ 2021 թվականին կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման համար ամբողջ հանրապետության կտրվածքով ժամկետ էր սահմանվել մինչև 2022 թվականի մարտի 15-ը ներառյալ։

Կառավարությունը պետք է հեշտացնի կառուցապատման ընթացակարգերը
Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միության նախագահ Արայիկ Հակոբյանը www.ejc.am –ի հետ զրույցում նշում է, որ եթե անշարժ գույքը գտնվում է որևէ գյուղական բնակավայրում, բայց այդ գյուղը խոշորացման արդյունքում ընդգրկված է քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքում, այդ գյուղերի համար ևս ժամկետ է սահմանված մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Այսինքն՝ հանրությունը պետք է իմանա այս տեղեկատվությունը, որպեսզի թյուրիմացություն չլինի։ Արայիկ Հակոբյանի խոսքով՝ այս փուլում հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներ են իրականացվում, քանի որ Երևանի փորձը ցույց տվեց, որ մարդիկ ինքնակամ կառույցների հաշվառման աշխատանքները թողնում են վերջին օրերին, բացի դա, հաճախ տեղեկացված չեն լինում։ «Հաշվի առնելով այն, որ մենք օրենք չսիրող ու չհարգող ազգ ենք, միշտ գնացել են ինքնակամ կառուցապատման ճանապարհով։ Եվ այսօր խնդիր է առաջանում»,- ասում է Արայիկ Հակոբյանը։ Մասնագետն ընդգծում է, որ 2022 թվականի հունվարի 6-ից հետո կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացման ենթակա չեն առհասարակ՝ անկախ նրանից՝ սեփական հողմասում են կառուցված, համայնքային, թե՞ այլ սուբյեկտին պատկանող հողմասում։ Ինչպես նաև կապ չունի այն, որ այդ շինությունները կառուցվել են՝ հաշվի առնելով քաղաքաշինական բոլոր նորմերը։ Հարցին, թե այդ շինությունները քանդման ենթակա՞ են, Հակոբյանը պատասխանեց․ «Այնպես չէ, որ օրենքը պարտադրում է, որ պետք է քանդվի, բայց եթե լինի որևէ բողոք, կարող են քանդել»։

 Արայիկ Հակոբյանի խոսքով՝ դժվար է ասել, թե մինչև 2021 թվականի կառուցված քանի ինքնակամ շինություն կա հանրապետությունում։ «Հայաստանում նման վիճակագրություն չկա, շատ-շատ է ինքնակամ շինությունների թիվը։ Ամեն երկրորդ տուն երևի ինքնակամ շինություն ունի, այդ թվում՝ բազմաբնակարան բնակելի շենքերում։ Գյուղական բնակավայրերում ամեն քայլափոխի կան ինքնակամ շինություններ։ Մենք պարբերաբար բարձրացրել ենք հարցը, որ խնդիրը հետևյալն է՝ քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցման խնդիր ունենք ողջ հանրապետությունում։ Այսինքն՝ քաղաքացին, որն ինքնակամ շինություն է կառուցում, ճիշտ է, մի կողմից դրան նպաստում են մեր ազգային մտածելակերպն ու օրենքը չհարգելու սովորությունը, բայց մյուս կողմից դրան նպաստում է ընթացակարգերի բարդ լինելը։

Սովորական քաղաքացիների համար շատ դեպքերում անհասկանալի ու խնդրահարույց են այդ ընթացակարգերը։ Դրան էլ գումարվում է մեր պետական ու համայնքային ծառայողների ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը։ Դրա հետևանքով քաղաքացին հոգնում է և իրականացնում ինքնակամ շինարարություն, մտածում է՝ իմ հողի մեջ է, ո՞վ պետք է ինձ բան ասի։ Մենք բազմիցս ասել ենք, որ կառավարությունը պետք է հեշտացնի ընթացակարգերը։ Այս տարի կառուցապատման շինթույլտվությունների, քաղաքաշինական գործունեության  իրականացման կարգը սահմանող կառավարության որոշման մեջ փոփոխություն արվեց, բայց դրանով պարզեցնելու փոխարեն ավելի շատ բարդացրեցին իրավիճակը։

Եթե խորքային ենք նայում այդ որոշմանը, ապա ավելի շատ բարդացվեց, և ավելի շատ խնդիրներ ստեղծվեցին չափագրողների ու քաղաքացիների համար, նաև չափագրման արժեքները բարձրացան»,- ասաց նա։

 Չափագրման գները ձևավորում է շուկան, բայց պետությունն անելիք ունի
Արայիկ Հակոբյանն անդրադառնում է այն բողոքներին, որ չափագրողները հաճախ չափագրման բարձր գներ են սահմանում։ Ըստ նրա՝ չի բացառվում, որ կան ոչ բարեխիղճ տնտեսվարողներ, պետությունն այստեղ անելիք ունի։ Բայց գները բարձրանում են այն պատճառով, որ քաղաքացիներն ինքնակամ կառույցների հաշվառումն իրականացնում են օրենքով սահմանված ժամկետի վերջին օրերին, և չափագրողն ի վիճակի չէ այդ քանակությունը հաշվառելու ու չափագրելու։

«Այսինքն՝ եթե սովորական պայմաններում չափագրողն օրական կարող է հաշվառել երկու բնակելի տուն, ինքն այս դեպքում աշխատում է գիշեր-ցերեկ, 4, 5, 6 տուն է չափագրում, և, բնականաբար, նաև արժեքն է բարձրանում։ Այո, մենք չենք բացառում, որ կան ոչ բարեխիղճ չափագրողներ, մենք նրանց բացատրում ենք, որ չի կարելի առիթից օգտվել, բայց միևնույն է, լինում են նման դեպքեր»,- ասաց նա։ Խնդիրն այն է, որ չափագրման համար չկա պետականորեն սահմանված գին, շուկան է որոշում գինը, չափագրողները պահանջարկից ելնելով են գներ սահմանում։ Ըստ Արայիկ Հակոբյանի՝ նման դեպքերում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անելիք ունի։

Երևանի համար գրված օրենքը չպետք է տարածել նաև մարզերի վրա
Հարցին, թե ո՞ր մարզերն են խնդրահարույց ինքնակամ շինությունների տեսանկյունից, մասնագետը պատասխանեց, որ նման վիճակագրություն չկա։ «Մարզերում, հատկապես գյուղական բնակավայրերում խնդիրը մի փոքր այլ է։ Մենք սովորություն ունենք Երևանի համար գրել օրենք ու դա տարածել նաև մարզերի վրա։ Սահմանամերձ կամ Երևանից մեծ հեռավորության գտնվող բնակավայրերում մարդն առանց շինթույլտվության իր բակում մի մասնաշենք կամ ավտոտնակ է կառուցել և ոչ ոքի չի խանգարում։ Այս գյուղացու իրավական կարգավիճակը բերել համեմատել Երևանի կենտրոնում կամ թեկուզ այլ վարչական շրջաններում ինքնակամ կառուցված ավտոտնակի իրավական կարգավիճակի հետ, գտնում ենք, որ սխալ է։ Այսինքն՝ պետք է տարանջատում իրականացվի։ Ի սկզբանե այս օրենքները, պահանջներն ու խստացումները շատ տեղին էին Երևանի համար, բայց շատ սխալ է դրանք տարածել նաև մարզերի վրա»,- ասաց մեր զրուցակիցը։