Եվրասիական ակումբի կանխատեսումը. կառավարությունը կդադարեցնի աջակցությունը արևային էներգետիկայի ոլորտում

Հայաստանի էներգետիկ ոլորտում առաջընթաց կա, բայց, ընդհանուր առմամբ, տեմպերն անկում են դրսեւորում, այն դեպքում, երբ, կառավարության գնահատմամբ, երկրում նորմայից բարձր է զարգանում արեւային էներգետիկան: Այդ մասին օգոստոսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տ.գ. դ., պրոֆեսոր, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։

Այս կապակցությամբ, վկայակոչելով Եվրասիական փորձագիտական ակումբի կանխատեսումը, նա նշել է, որ պետությունը կդադարեցնի արևային էներգետիկայի ոլորտում իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրվող աջակցությունը: Տնտեսագետի կարծիքով ՝ պետության վերաբերմունքն այս ոլորտի նկատմամբ վերջին շրջանում արդեն այնքան էլ դրական չէ, հատկապես, հաշվի առնելով, որ բյուջեից աջակցության ծրագրին մեծ միջոցներ են հատկացվում:

Մանասերյանը հիշեցրել է, որ անցած տարի լուրջ աշխատանքներ են տարվել Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ: "Դա նշանակում է, որ մենք ժամանակ ունենք կոնկրետ քայլեր կատարելու երկրորդ էներգաբլոկի ուղղությամբ, որպեսզի թույլ չտանք խնդիրներ", - ընդգծել է նա:

Ընդհանուր առմամբ, փորձագետը նկատել է, որ Հայաստանի էներգետիկայի և արդյունաբերության ոլորտում դանդաղումը, հիմնականում, պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածությամբ, վերջինիս կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացմամբ, ամենօրյա գնդակոծություններով: Այս ամենին, ըստ փորձագետի, գումարվել են հարձակումները նաև գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող մարդկանց վրա, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

Նշենք, որ նախորդ տարվա ամռանը ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել աջակցել արևային էներգետիկայի զարգացմանը։ Պետության աջակցությամբ հնարավոր է մինչև 10 մլն դրամ սահմանաչափով արևային համակարգի տեղադրում սահմանամերձ շրջաններում՝ 0-2% արտոնյալ տոկոսադրույքով, 2%՝ գյուղերում, 3%՝ մարզային քաղաքներում, 5%՝ Երևանում: Իշխանությունները մտադիր են մինչեւ 2030 թվականը երկրի էներգաբալանսում արեւային էներգիայի տեսակարար կշիռը մոտ 0,3 տոկոսից հասցնել 15 տոկոսի ։ Այս բոլոր նպատակների համար, OHM Energy ընկերության կոմերցիոն տնօրեն Գեւորգ Հախվերդյանի կարծիքով, Հայաստանում արեւի էներգիայի մեջ կարող է ներդրվել մինչեւ 650 մլն դոլար:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2,7% - ով ՝ կազմելով 4 270.1 մլն կվտ/ժամ։ Ընդ որում, արևային էլեկտրակայանները 79,9% - ով ավելացրել են էներգիայի արտադրությունը՝ մինչև 181,4 մլն կվտ/ ժամ:

Աղբյուրը՝   finport.am