Հնդկաստանը կարող է արգելել շաքարի արտահանումը շաքարեղեգի ցածր բերքի պատճառով

Ենթադրվում է, որ Հնդկաստանը հոկտեմբերից կարգելի շաքարի արտահանումը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ՝ շաքարեղեգի բերքի անկման պատճառով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

«Մեր հիմնական նպատակն է բավարարել շաքարի տեղական պահանջարկը և շաքարեղեգի ավելցուկից էթիլային սպիրտ արտադրել: Աշնանային գալիք սեզոնին մենք այնքան շաքարեղեգ չենք ունենա շաքարավազի արտահանմանը քվոտաներ հատկացնելու համար», - մեջբերում է գործակալությունը:

Reuters-ի մեկ այլ զրուցակցի խոսքով՝ Հնդկաստանում շաքարավազի ներկայիս թանկացումը սպառնում է բարձրացնել պարենային ապրանքների գները և ամբողջությամբ վերացնում է դրա արտահանման ցանկացած հնարավորություն:

Հնդկաստանի կառավարության կողմից շաքարավազի արտահանման գործող թույլտվության ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին։ Ըստ այդմ՝ արտադրողները կարող են արտահանել 6.1 միլիոն տոննա շաքար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11.1 միլիոն տոննայի դիմաց։

Աղբյուրը՝   b24.am