Փամբակ գյուղում վերակառուցվում է խմելու ջրի մատակարարման համակարգ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի  Փամբակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում վերակառուցվում է խմելու ջրի մատակարարման համակարգ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Փամբակի խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 999 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է 1355,35 մետր խմելու ջրագծի վերակառուցում, 1  բաշխիչ- թողարկիչ, 1  թողարկիչ, 2  օդահան հորերի հիմնովին կառուցում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի 21-ից և  2023 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ արդեն մոտենում են ավարտին։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Լեյվլ»  ընկերությունը։

Ծրագրի իրականացման արդյունքում Փամբակում հիմնովին կբարելավվի խմելու ջրի մատակարարումը։