Փոխադրումներ իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ
Հայաստանի Հանրապետությունում լիարժեք կանոնակարգված չեն Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով սահմանված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու առանձնահատկությունները: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված ԵՄ եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 28-րդ եւ 30-րդ կետերի կատարման ապահովմամբ: Նախատեսվում է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրության պահանջները ԵՄ օրենսդրության պահանջներին եւ կատարել միջազգային բազմակողմ համաձայնագրով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները:
Օրենսդրական փոփոխությամբ կսահմանվեն ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ եւ ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող գործարար բարի համբավի, ֆինանսական միջոցների ու մասնագիտական որակավորման պահանջները, ինչպես նաեւ միջպետական փոխադրումներ իրականացնելու հետ կապված առանձնահատկությունները:
Ըստ Արմեն Սիմոնյանի՝ կսահմանվեն պահանջներ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C» , «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգ ունեցող վարորդների պարբերական մասնագիտական վերապատրաստում անցնելու եւ մասնագիտական որակավորման վկայականներ ստանալու վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե ինչ է սպասվում գործող ընկերություններին, եթե բացահայտվում է, որ գործունեությունը չի համապատասխանում սահմանված չափանիշներին: Արմեն Սիմոնյանը պատասխանել է, որ ՏՆԵԿ թույլտվությունները չեն տրվում կամ տրվածները կասեցվում են մինչեւ գործարար համբավի վերականգնումը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: