Արագած սարի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Ալագյազ սար» ՍՊԸ հանրային սննդի օբյեկտում (Արագածոտնի մարզ, Արագած սար, Քարե լիճ): Այս մասին նշված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրությունում։
Մասնավորապես՝
- արտադրական շինության պատերը և հատակը չեն ունեցել հարթ մակերես՝ սալիկները եղել են պոկված, կոտրված, ոչ նորոգ վիճակում,
- աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: