Ծախսերի թերակատարում՝ ծրագրավորված կապիտալ ծախսերի ավելացմամբ․ 2023 թ․–ի առաջին կիսամյակի բյուջեի ցուցանիշները
Ծախսերի համեմատաբար ցածր կատարողական,եկամուտների գերակատարում․ մասնագիտական բնութագրմամբ 2023թ․–ի առաջին կիսամյակի բյուջեն հավելուրդային է։ Տվյալները հուշում են՝ հունվար- հունիսին վեց ամսվա կտրվածքով պետական բյուջեի հավելուրդը կազմել է 134․3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 72․4 մլրդ դրամ հավելուրդի դիմաց։ Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Էլիզա Մաթևոսյանը ejc.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծում է՝ ծախսերի տեսանկյունից համեմատություն իրականացնելիս նկատվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չնայած ծախսերն աճել են 12․7 տոկոսով, բայց ծրագրվածի համեմատ էական թերակատարում է գրանցվել։ 2023թ.-ի 1-ին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 1 տրլն 26.4 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 83.4 տոկոսը: Շեղումը կազմել է 16.6 տոկոս։ Բացարձակ արժեքով այն կազմում է 203․7 մլրդ դրամ։
Հիմնականում, ըստ փորձագետի՝ շեղում արձանագրվել է ՏԿԵ–ի, ԿԳՄՍ–ի, ֆինանսների, աշխատանքի ու սոցիալական հարցերի, առողջապահության, էկոնոմիկայի ու ՆԳ նախարարությունների պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերում։ Տվյալ նախարարություններում թերակատարումների ընդհանուր գումարը կազմել է 182․4 մլրդ դրամ։ Փորձագետն ընդգծում է՝ պետական բյուջեի փաստացի ծախսերում այս տարվա առաջին կիսամյակում ամենամեծ տեսակարար կշիռներն ունեցել են ԱՍՀՆ, ՊՆ և ֆինանսների նախարարությունը։ Առաջին կիսամյակի տվյալներով՝ 88․8 տոկոսը ընթացիկ ծախսերն են, 11․2 տոկոսը՝ կապիտալ։ Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է 2022–ի թվականի սեպտեմբերի 1–ի՝ կենսաթոշակների բարձրացմամբ, բացի այդ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին հատկացումներ իրականացնելով:
Թոշակառուների մոտ 25 տոկոսն անկանխիկ առևտուր է անում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի տեղեկացմամբ, ՀՀ–ում կենսաթոշակառուները 2023 թվականի օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել։ Նրա խոսքով՝ կենսաթոշակով անկանխիկ առևտրի համակարգին օգոստոսին միացել է նաև «Հայէկոնոմբանկը», ինչի արդյունքում 15 հազար նոր քաղաքացի է ներգրավվել։ Այս պահին կենսաթոշակային քարտով անկանխիկ առևտուր է անում, ընդհանուր առմամբ 141 հազար անձ։ Անկանխիկ առևտրի հետվճարների ծավալը միայն օգոստոսին կազմել է 419 մլն դրամ։ Նախարարի տեղեկացմամբ, համակարգին շուտով կմիանա նաև Յունիբանկը ու մինչև տարեվերջ շահառուների բավականին մեծ թիվ է կանխատեսվում։
«Մեկ տարվա ընթացքում անկանխիկի առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 43.2 մլրդ դրամ, իսկ որպես հետվճար ընդհանուր վերադարձվել է 3.6 մլրդ դրամ»,– ասում է Նարեկ Մկրտչյանը:
Արձանագրվել է, որ թոշակառուների 20-25 տոկոսն արդեն միացել է համակարգին։ Նախարարը հայտնել է նաև, որ մեկնարկից մինչև օգոստոսը ներառյալ արձանագրվել է 43.2 մլրդի անկանխիկի ընդհանուր ծավալ, իսկ ընդհանուր վերադարձվել է 3.6 մլրդ դրամ:
2022–ի համեմատ նաև կապիտալ ծախսերն են ավելացել
Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ կապիտալ ծախսերն ավելացել են 16․2 տոկոսով, հիմնականում պայմանավորված ՊՆ շենքային պայմանների բարելավման միջոցառումներով ու ծախսերի աճով։ «Բայց ճշտված պլանի նկատմամբ արձանագրվել է ցածր ցուցանիշ՝ պայմանավորված՝ ՊՆ շենքային պայմանների բարելավման միջոցառումների ծախսերի կատարողականով, որը զիջել է ճշտված պլանին 40․7 տոկոսով»,– արձանագրում է Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Էլիզա Մաթևոսյանը։ Փորձագետն արձանագրում է՝ կապիտալ ծախսերի կատարողականի համեմատաբար ցածր ցուցանիշները ցույց են տալիս, որ կապիտալ ծրագրերի իրականացման խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Չնայած իրականացումը թերակատարվում է, բայց վերջին տարիներին պլանավորված կապիտալ ծախսերն ավելանում են։
81 մլրդ դրամի ծախս՝ ՏԿԵՆ–ում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանատվությամբ 2023թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում կատարվել է պետական բյուջեի 23 ծրագիր, որոնց գծով ծախսերը կազմել են 81 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 73.5 տոկոսը: Ծրագրից շեղումը հիմնականում պայմանավորված է Քաղաքային զարգացման, Ոռոգման համակարգի առողջացման, Ճանապարհային ցանցի բարելավման և Տարածքային զարգացման ծրագրերի կատարողականներով: