ԹԱՐՄԱՑՎՈՂ. Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվել է Դադիվանքի նախկին վանահայրը

Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ով 44-օրյա պատերազմից հետո ծառայությունն անցկացնում է Մարտակերտի Հակոբավանքում, սեպտեմբերի 19-ին վիրավորում է ստացել ԼՂ-ում` ադրբեջանական ագրեսիայի հետևանքով: 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնից հայտնեցին, որ նա այս պահին Արցախի հիվանդանոցներից մեկում է:

«Տեր Հովհաննես քահանան վիրահատվել է: Վիրահատել են նրա փայծաղը: Նրա առողջական վիճակը հիմա կայուն է»,- նշեցին Մայր Աթոռից:

Վիրահատությունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հիվանդանոցում:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք:

 Սեպտեմբերի 20-ին մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները,  տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: