Կատրին Կոլոննան տեսակցել է ԼՂ-ում պայթյունից տուժածներին
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեսակցել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պայթյունից տուժած քաղաքացիներին։
Այս մասին տեղեկացնում է Առաջին լրատվական ալիքը։
Նշվում է, որ Ֆրանսիայի արտգործնախարարը կենտրոնին է փոխանցել Ֆրանսիայի հումանիտար օգնությունը:
Կոլոննան տեղեկացրել է, որ մտադիր են 4 պացիենտի տեղափոխել Ֆրանսիա, բուժումն այնտեղ շարունակելու նպատակով:
«Իմ այցը արտահայտում է Ֆրանսիայի բարեկամությունը, բայց ոչ միայն բարեկամությունը, այլև՝ աջակցությունը և համերաշխությունը, նաև՝ դիվանագիտական համերաշխությունը: Ֆրանսիան արագ արձագանքեց ողբերգությանը, որ մարդիկ ուժի սպառնալիքով ստիպված են եղել թողնել տները և դառնալ բռնի տեղահանված: Կշարունակենք լինել ձեր կողքին։»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
Կատրին Կոլոննան նշել է, որ տեսնելով ԼՂ-ում իրավիճակի վատթարացումը, լիակատար շրջափակումը, որը միջազգային իրավունքի խախտում է, արդեն որոշել են մեծացնել Հայաստանին աջակցությունը։ Ըստ նրա՝ այն արդեն հասցրել են 12,5 միլիոն եվրոյի՝ բռնի տեղահանվածներին օգնության համար:
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Հայաստան է ժամանել հոկտեմբերի 3-ին։