Ոչ բոլոր պայմանավորվածություններն են ողջ ծավալով իրագործվում ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման շրջանակում. Մհեր Գրիգորյան

2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ԱՊՀ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 55%-ով։ Ընդ որում, Հայաստանից արտահանումն աճել է ավելի քան երկու անգամ։ Այս մասին հոկտեմբերի 26-ին Բիշքեկում ԱՊՀ եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Հայաստանը այսուհետ ևս մտադիր է գործի դնել ողջ գործիքակազմը ՝ ԵԱՏՄ և Համագործակցության անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրում այդ դրական դինամիկան պահպանելու նպատակով», - նշել է նա:

Գրիգորյանը նաև նշել է, որ հայկական կողմն աջակցում է լեռնամետալուրգիական ոլորտում համագործակցության համաձայնագրի իրականացման միջոցառումների նորացված համալիրի ընդունմանը: «Կարեւոր նշանակություն ունի նաեւ կայուն զարգացման ապահովման եւ այդ ուղղությամբ համագործակցության խորացման ուղղությամբ միջոլորտային կոոպերացիայի զարգացումը», - հավելել է նա:

Ընդ որում, ինչպես նշել է Հայաստանի փոխվարչապետը, ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման շրջանակներում ոչ բոլոր պայմանավորվածություններն են իրականացվում ամբողջ ծավալով: Չնայած գործընթացի ողջ բարդությանը, որը ենթադրում է միության երկրների տարբեր էներգետիկ շահերի հաշվառում, Գրիգորյանը նշել է գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի համաձայնեցման և դրա հետագա ստորագրման համար սկզբունքային որոշումների հասնելու հասունացած անհրաժեշտությունը:

«Այս համատեքստում հայկական կողմը պատրաստ է երկխոսության՝ չկարգավորված հարցերի շուտափույթ լուծման համար», - հավելել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան պետք է սկսի աշխատանքը ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը ՝ դրա գործունեության կանոնների ուժի մեջ մտնելով: Նշվում էր, որ դա կլինի անդրսահմանային առևտրի շուկա, որտեղ կկարողանան գործարքներ կնքել ԵԱՏՄ պետությունների էլեկտրաէներգիայի բոլոր մեծածախ արտադրողները և սպառողները։ Առևտուրը տեղի կունենա ինչպես այսօր գոյություն ունեցող եղանակով ՝ ազատ երկկողմ պայմանագրերով, այնպես էլ կենտրոնացված աճուրդներով ՝ բորսայական մեխանիզմների կիրառմամբ։ Հենց կենտրոնացված առևտուրն է ապահովելու շուկայական մեխանիզմների զարգացումը և էլեկտրաէներգիայի թափանցիկ գնագոյացումը։ Ձևավորման սկզբունքները ներառում են, այդ թվում ՝ իրավահավասարության, փոխշահավետության և անդամ պետություններից որևէ մեկին տնտեսական վնաս չպատճառելու հիման վրա համագործակցություն, էլեկտրական էներգիա արտադրողների և սպառողների, ինչպես նաև ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի այլ սուբյեկտների տնտեսական շահերի հավասարակշռության պահպանում, ազգային էլեկտրաէներգետիկական շուկաների գոյություն ունեցող մոդելների առանձնահատկությունների հաշվառում։

Աղբյուրը՝   finport.am