Քաղաքաշինության ոլորտի 2024 թ. պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները քննարկվել են հանձնաժողովների համատեղ նիստում

2024 թվականի պետական բյուջեի նախագծով հաստատվել են ոլորտի հիմնական 5 թիրախներին վերաբերող չափաքանակներ, ըստ որոնց՝ պետական բյուջեն կազմում է 5 միլիարդ 102 միլիոն դրամ, որից նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման համար նախատեսված է 292 միլիոն դրամ: Այդ միջոցներով կմշակվի 25 քաղաքաշինական նորմ: Այդ մասին տեղեկացրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հոկտեմբերի 31-ին կայացած Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ հաջորդ ծրագրով քաղաքաշինական ծրագրային տարածական պլանավորման փաստաթղթերի համար նախատեսված է 240 միլիոն դրամ, որի շրջանակում նախատեսվում է ֆինանսավորել Լոռու եւ Կոտայքի մարզերի տարածական պլանավորման փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը՝ Լոռու մարզի 63 եւ Կոտայքի մարզի 69 բնակավայրերի համար:

Քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ապահովման համար հատկացված է  2 միլիարդ դրամ, որով նախատեսվում է սկսել Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները, որի համար ներկայումս ընթանում է շինարարական աշխատանքների մրցույթի գործընթացը: Նույնը նախատեսվում է նաեւ Աշոցքի համար: Արմեն Ղուլարյանի խոսքով շենքերի եւ շինությունների մատչելիության եւ անձնագրավորման ծրագրի համար նախատեսված է 75 միլիոն դրամ: Միջոցառման ընթացքում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել Երեւան քաղաքի եւ մարզերի 25 կարեւորագույն նշանակության օբյեկտների, շենքերի տեխնիկական վիճակի հետաքննության եզրակացությունների եւ շենքերի անձնագրերի ձեռքբերում:

Աղետի գոտու բնակավայրերի հողամասերը ոչ հիմնական շինություններից ազատելու եւ քաղաքաշինական միջավայրի վերականգնման ծրագրի համար նախատեսվել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2027 թվականը:

Քաղաքաշինության կոմիտեի կանոնադրական գործողությունների համար նախատեսված է 687 միլիոն 399 հազար դրամ, կարողությունների զարգացման համար՝ 7,6 միլիոն դրամ:

Պատգամավոր Դավիթ Առուշանյանը հետաքրքրվել է, թե ժամանակավոր կացարաններից քաղաքացիներին դուրս բերելու  համար ինչ է նախատեսվում 2024 թվականին եւ այդ ուղղությամբ ինչ փոփոխություններ կան:

«1 միլիարդ 400 միլիոն դրամով պետք է լուծվի 186 ընտանիքի բնակարանների գնման վկայականների հարցը, ինչպես նաեւ մեկ սենյականոց բնակարաններում եւ վարձակալական հիմունքներով ապրող ընտանիքների խնդիրները: 2025 թվականին նախատեսված է 2,5 միլիարդ դրամ, 2026 թվականին՝ 2,1 միլիարդ, այսինքն՝ մինչեւ 2027 թվական նախատեսվում է ավարտել 1089 ընտանիքի խնդիր»,- ասել է  Արմեն Ղուլարյանը:

Նրա տեղեկացմամբ Քաղաքաշինության կոմիտեն Կառավարության հետ միասին մշակում է վթարային շենքերի վերաբերյալ համապատասխան որոշումներ եւ ուսումնասիրություններ, որոնց վերջնահաշվարկի մասին կբարձրաձայնեն առաջիկայում: