ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները

ՀՀ արտաքին գործերի նախարարության գծով 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել շուրջ 16 մլրդ 617 մլն դրամ, որը 504 մլնով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Միջոցներն ուղղվելու են 5 ծրագրերի իրականացմանը: Այս մասին նոյեմբերի 3-ի ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Հանձնաժողովները քննարկել են ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները եւ ՀՀ միջազգային կազմակերպություններին նախատեսված վճարումների հարցը:

ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը Ֆինանսների նախարարից հետաքրքրվել է, թե որքան է եղել ԱԳՆ-ի բյուջետային նախնական հայտը:

Ի պատասխան նշվել է, որ ԱԳՆ նախնական հայտը եղել է շուրջ 1 մլրդով ավելի, սակայն քննարկումների եւ հաշվարկների արդյունքում համատեղ հանգել են 16 մլրդ 617 մլն դրամ հատկացմանը:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը նախ անդրադարձել է մեր երկրի վարած արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային եւ այլ երկրների հետ հարաբերություններին:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ Արարատ Միրզոյանը լավատեսություն է հայտնել եւ փաստել, որ մոտ ապագայում դիվանագիտական անձնագիր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու առումով գուցե լավ նորություն լինի:

Նա վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգիռ է իր 4 հարեւանների հետ առնվազն կարգավորված հարաբերություններ ունենալու հարցում:

Հայաստանն ու Թուրքիան այս տարի պայմանավորվածություն էին ձեռք բերել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացել դեռ մինչեւ զբոսաշրջային սեզոնի սկիզբը, այսինքն՝ մինչեւ ամառ:

Արարատ Միրզոյանը հանգամանալի անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին եւ ԼՂ բնակչության բռնի տեղահանությանը:

Արձանագրելով, որ ներկայում Հայաստանում առկա են 100 հազարից ավելի փախստականներ՝ նախարարը փաստել է, որ նրանց կարիքների երկարաժամկետ լուծում տալը նաեւ ԱԳՆ-ի ուսերին է ծանրանում, դառնում ԱԳՆ-ի նպատակներն ու խնդիրները:

Նշվել է, որ այդ նպատակով աշխատանքներ են տարվում միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ:

«Ես կարող եմ վստահաբար պնդել, որ չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում եւ առանց որեւէ խնդրի 3-4 օրում ընդունել 100-ից ավելի փախստական, եւ այն որեւէ ալեկոծություններ չառաջացնի՝ սկսած ներքաղաքական կյանքից, մինչեւ տնտեսական, սոցիալական համակարգերը»,- ասել է գերատեսչության ղեկավարը:

Նա նշել է, որ շատ միջազգային գործընկերներ դրականորեն զարմացած են Հայաստանի արձագանքից եւ կազմակերպվածությունից, քանի որ անգամ վրանային ավաններ չեն ստեղծվել:

Անցնելով արտաքին քաղաքականության խնդիրներին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է. «Բռնագաղթը մեծ բարդություններ է առաջացնում հիմնական քաղաքական օրակարգի խնդրում՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր ՀՀ-ի շուրջ, այն է՝ խաղաղության օրակարգը եւ ՀՀ չորս հարեւանների հետ առնվազն խաղաղ, կայուն, իսկ լավագույն դեպքում՝ սերտ համագործակցային կամ բաեկամական հարաբերությունների ձեւավորմանը»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ԱԳ նախարարն ասել է, որ հույս ունեին, թե խաղաղության հասնելու ուղղությամբ մի մեծ քայլ կկատարվի Գրանադայում. «Ցավոք, Ադրբեջանի նախագահն անհրաժեշտ, հարմար կամ նպատակահարմար չհամարեց մասնակցել այդ հանդիպմանը: Ինչեւէ, Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքներով ի վերջո դուրս եկավ մի փաստաթուղթ, որը մեծ հաշվով արտացոլում է երկարատեւ, կայուն եւ արժանապատիվ խաղաղության հիմքերը: Ուղենիշ է այդ խաղաղության պայմանագրի համար: Այդ փաստաթղթում տեղ գտած սկզբունքներով է, որ մենք առաջնորդվում ենք խաղաղության մասին խոսելիս:

Գիտեք, որ արդեն 6-րդ ռաունդն է մեկնաբանություններով կամ խմբագրումներով փոխանակվելու կամ հանդիպելու, բանակցելու: Միշտ էլ սրանք են եղել մեր ուղենիշները: Առաջինը երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչումն է: Մենք այստեղ ուզում ենք կոնկրետություն ապահովել եւ այդ նպատակով է, որ նշվում են երկու երկրների տարածքների հանրագիտարանային մակերեսները»,- փաստել է Արարատ Միրզոյանը:

Երկրորդ սկզբունքն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց. «Խոսվում է այն մասին, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա Խորհրդային շրջանի ամենաթարմ օրինական, լեգիտիմ քարտեզների հիման վրա: Դա 1974-1988 թվականների քարտեզների խումբն է՝ մեծ հաշվով ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանների հիման վրա: Իմ տպավորությամբ նաեւ Ադրբեջանի ընկալմամբ այդպես է, որ պետք է տեղի ունենա սահամազատման գործընթացը:

Երրորդ սկզբունքը տարածաշրջանի ապաշրջափակումն է: Հայաստանը ոչ միայն դեմ չէ, այլեւ շահագրգիռ է, Հայաստանն իրեն ամենահիմնական շահառուներից մեկն է համարում տարածաշրջանի տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործում: Բոլոր ենթակառուցվածքները պետք է շարունակեն գործել այն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են: Ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն փոխադարձության, հավասարության սկզբունքի հիման վրա»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով 2024 թվականին «Խաղաղության խաչմերուկի» կայացումն ԱԳՆ-ի քաղաքական առաջնահերթություններից է լինելու:

Ըստ ԱԳ նախարարի՝ հայ-ռուսական հարաբերություններում կան որոշ խնդիրներ. «Մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք»:

Նա նշել է, որ ՌԴ-ն էլ նույնպիսի վերաբերմունք ունի ՀՀ-ի նկատմամբ. «Մենք համոզված ենք, որ այն, ինչից ՌԴ գործընկերներն են զարմանում, հետեւանք է այն քաղաքականությանը, որը մենք տեսել ենք զանազան մեդիա եթերներում եւ այլ տեղերում: Մենք այստեղ որեւէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել, հասկանալ, հարթել եւ բարեկամաբար առաջ շարժվել այդ ուղղությամբ: Սա է մեր դիրքորոշումը»,- ասել է ԱԳ նախարարը՝ հույս հայտնելով, որ այս ամենը կհաջողվի:

Արարատ Միրզոյանը նկատել է նաեւ, որ այստեղ ամեն ինչ միայն մեկ կողմից չի կախված:

ԱԳ նախարարը խոսել է նաեւ Հնդկաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունների մասին, նկատել, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումները հրապարակային են, իսկ Չինաստանի հետ Հայաստանը շահագրգռված է ուղիղ՝ չմիջնորդավորված գործընկերային հարաբերությունների զարգացմամբ:

«Մենք շարունակելու ենք բազմաոլորտ համագործակցությունը մեր բարեկամների՝ օրինակ՝ Ֆրանսիայի հետ: Տեղի են ունենում մշտապես փոխադարձ բարձրաստիճան պաշտոնյաների այցեր, խոսակցությունը շարունակական է, եւ այդպես էլ շարունակելու է մնալ: Մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Ուզում եմ հատուկ ընդգծել ԵՄ դիտորդական առաքելության դերը մինչ այս պահը Հայաստանի սահմանային կայունության եւ անվտանգության գործում: Մենք բացահայտում ենք նոր հարթակներ, նոր ուղղություններ ԵՄ-ի հետ համագործակցության: Օրինակ՝ քաղաքական եւ անվտանգային երկխոսությունը: Կան նախկինում ՍԵՊԱ պայմանագրով ստանձնած պարտավորություններ ու հանձնառություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն ե՛ւ մեր կողմից, ե՛ւ ԵՄ-ի կողմից»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Նախարարն առանձնացրել է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. «Կան ուղենիշային նախաձեռնություններ, հիշում եք՝ 2,6 մլրդ եվրոյի մասին հայտարարությունները եւ այլն»:

ԱԳ նախարարը նաեւ կարեւորել է հարաբերությունների զարգացումն ԱՄՆ-ի հետ:

Նշվել է, որ վերջերս Կորեայի Հանրապետությունը տեղեկացրել է՝ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երեւանում: Հայաստանը եւս ցանկություն ունի Սեուլում բացել ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն: Դիվանագիտական ներկայացուցչություն կունենաք նաեւ Լյուքսեմբուրգում:

Այնուհետեւ ԱԳ նախարարն անդրադարձել է իր ղեկավարած կառույցի բյուջետային ծրագրերին եւ նշել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ՀՀ կառավարության ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է ՀՀ արտաքին քաղաքականությունը, ինչպեu նաեւ կազմակերպում եւ ղեկավարում է դիվանագիտական ծառայությունն օտարերկրյա պետություններում եւ միջազգային կառույցներում:

Նշվել է, որ «Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում» ծրագրի նպատակն է դիվանագիտական եւ պետական ծառայության արդյունավետության բարձրացում, դիվանագիտական ծառայության համալրումը նոր եւ որակյալ մասնագետներով: Ծրագրի իրականացման համար նախատեսվել է հատկացնել 314 մլն դրամ:

ԱԳ նախարարը կարեւորել է «Արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակում եւ իրականացում» ծրագիրը, որի իրականացման համար կհատկացվի 2 մլրդ 733 մլն դրամ:

«Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ» ծրագրին կհատկացվի շուրջ 1 մլրդ 744 մլն դրամ: Նշվել է, որ Հայաստանն անդամակցում է 110 միջազգային կազմակերպության, այդ թվում՝ մասնագիտացված մարմինների, ծրագրերի, կոնվենցիաների:

«Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում եւ իրականացում» ծրագրի համար նախատեսվել է շուրջ 11 մլրդ 639 մլն դրամ:

«Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում» ծրագրին կհատկացվի 187 մլն դրամ:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի՝ ՀՀ-ի կողմից ձեռքբերվող զենքերի մասին հարցին ի պատասխան՝ ԱԳ նախարարը նշել է. «Հայաստանը կարողանում է անհամեմատ ավելի շատ զենք ձեռք բերել ու անհամեմատ ավելի շատ երկրներից, քան Ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ կամ կերազեր այդպիսի գործարքներ անել, գնալ տարբեր երկրներ եւ խնդրել»,- ասել է Արարատ Միրզոյանը եւ փաստել, որ կան լոգիստիկ խնդիրներ. «Մենք շատ ավելին կարող էինք անել եւ շատ ավելի զենք կարող էինք բերել, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ: Խոսքը պաշտպանական զենքերի մասին է, մենք որեւէ հարձակողական նպատակ չունենք, յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է ձեռք բերել պաշտպանական զինատեսակներ, սպառազինություններ»: