Ջո Բայդենի և Սի Ծինփինի հանդիպումը եղել է խոր և բազմակողմանի, տևել է 4 ժամ. ՉԺՀ ԱԳՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպումը տևել է չորս ժամ, բանակցությունները եղել են համապարփակ և խորը: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Հանդիպումը տևել է չորս ժամ, ամբողջ ընթացքում եղել է համաժամանակյա թարգմանություն»,-ասել է Վան Ին:

Նա նշել է, որ երկու պետությունների ղեկավարների բանակցությունները շատ լավ են անցել, դրանք եղել են համապարփակ և խորը։

«Անձնական հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները մտքերի խորը փոխանակություն են անցկացրել, տեսակետ են հայտնել ամենահրատապ հարցերի շուրջ, ինչպիսիք են միմյանց ճիշտ ըմբռնման ձևավորումը, տարաձայնությունների պատշաճ կառավարումը, երկխոսության և համագործակցության խթանումը», - ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Կողմերը համակողմանի քննարկել են այնպիսի միջազգային խնդիրներ, ինչպիսիք են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, ուկրաինական ճգնաժամը, կլիմայի փոփոխությունը, արհեստական ինտելեկտը:

Ինչպե՞ս են գնահատել բանակցությունները Սին և Բայդենը

Ելույթ ունենալով ամերիկյան բարեկամական խմբերի ընթրիքի ժամանակ` Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը երբեք խաղադրույք չի կատարում այն բանի վրա, որ ԱՄՆ-ն կպարտվի, և չի ձգտում մարտահրավեր նետել ԱՄՆ-ին:

Սի Ծինփինը նշել է, որ ԱՄՆ-ն նույնպես չպետք է խաղադրույք կատարի այն բանի վրա, որ Չինաստանը կպարտվի և չպետք է միջամտի Չինաստանի ներքին գործերին:

ՉԺՀ ղեկավարը հայտարարել է, որ չին-ամերիկյան հարաբերությունների հույսը մարդիկ են, ապագան՝ երիտասարդությունը, և ընդգծել է երկու երկրների ժողովուրդների միջև կապերի և փոխանակումների ամրապնդման անհրաժեշտությունը:

Իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես ամփոփել է Սիի հետ հանդիպման արդյունքները։

«Այսօր նախագահ Սին և ես շոշափելի քայլեր ենք ձեռնարկել ճիշտ ուղղությամբ», - ասվում է X սոցիալական ցանցում Բայդենի հաղորդագրության մեջ:

Ամերիկացի առաջնորդը նշել է այն, որ փաստարկները, որոնք ինքը ներկայացրել է այս ամբողջ ընթացքում, անփոփոխ են մնում: Նա նշել է, որ ԱՄՆ-ն եռանդուն և պատասխանատու կերպով կմրցակցի ՉԺՀ-ի հետ, կպաշտպանի ազգային անվտանգության շահերն ու իր արժեքները:

«Եվ մենք միասին կաշխատենք այնտեղ, որտեղ դա հնարավոր է և բխում է մեր շահերից։ Աշխարհը դա է ակնկալում մեզնից»,- հավելել է Բայդենը։

Չորեքշաբթի օրը Սան Ֆրանցիսկոյում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում կայացել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները:

Աղբյուրը՝   armeniasputnik.am