Ամփոփվել են անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման աշխատանքները

Հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտային բարեփոխումների շրջանակում ամփոփվել են անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման աշխատանքները։ Պետական կառույցների, հաշմանդամություն ունեցող անձանց շահերը պաշտպանող և գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Ֆունկցիաների միջազգային դասակարգիչների կիրառման ճանապարհային քարտեզը» խորագրով երկօրյա դասընթացը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Դասընթացն իրականացվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի և Յունիսեֆի «Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց ներառման ծրագրերի ներդրման համար բարենպաստ ﬕջավայրի և էկոհամակարգի ստեղծում» ծրագրի շրջանակում։
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոֆուլսկին, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին և այլ անձինք։
Ընդգծելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում առանցքային բարեփոխման կարևորությունը՝ նախարարի տեղակալը նշել է, որ հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրումն իրականացվել է գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում։ Այս համակարգի ներդրումը բխել է պետության կողմից վավերացրած հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայից։ 2023թ․ փետրվարի 1-ից գործարկված համակարգի գլխավոր նպատակը յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող անձին իր կարիքին և տարիքի համապատասխան ծառայություններ տրամադրելն է՝ հաշվի առնելով անձի ֆունկցիոնալության գնահատման ժամանակ հավաքագրվող դիսագրեգացված տեղեկատվությունը, ինչը ժամանակի ընթացքում հնարավորություն կտա ստեղծել ըստ հաշմանդամության տեսակների և ֆունկցիաների սահմանափակման աստիճանի ստանդարտացված ծառայությունների փաթեթները։
Ելույթներով հանդես են եկել նաև միջազգային գործընկերները․ վերջիններիս խոսքով՝ հաշմանդամության սահմանման նոր մոդելը շատ կարևոր բարեփոխում է Հայաստանի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ միջավայրի մատչելիության, հավասար հնարավորությունների իրացման և լիարժեք ներառման համար։ Բանախոսները նշել են նաև, որ պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ծառայություն մատուցողների մասնակցային և համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել Հայաստանում ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող անձ կկարողանա լիարժեք օգտվել իր բոլոր իրավունքներից և ազատություններից։
Երկօրյա հանդիպումների ընթացքում մասնակիցներին ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարգավորող օրենսդրական դաշտում կատարված փոփոխությունները, ֆուկցիոնալության գնահատման և բժշկասոցիալական փորձաքննության համակարգերի սկզբունքային տարբերությունները, հաշմանդամության բաղադրիչների շրջանակը, ֆուկցիոնալության գնահատման գործընթացն ու գործիքակազմը։ Անդրադարձ է կատարվել նաև ֆունկցիաների միջազգային դասակարգիչների բաղադրիչների միջև փոխազդեցություններին, դասակարգիչներին և որակիչներին, միջավայրային գործոններին, ինչպես նաև հաշմանդամության սահմանման թվայնացված դիմումի առանձնահատկություններին։