ԵԱԶԲ–ն Ամուլսարի շահագործման ֆինանսավորման վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել

Եվրասիական զարգացման բանկը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել։ Այս մասին Ալմաթիում կայացած ասուլիսում հայտարարել է ԵԱԶԲ–ի ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը։
Նրա խոսքով` բանկում շատ զգույշ են վերաբերվում տվյալ նախագծին, առանց շտապելու։ Վերջնական որոշման համար անհրաժեշտ են ոչ միայն փորձաքննություններ, այլև նախագծի բնապահպանական աջակցության պլանի մշակում, որպեսզի պահպանվի ազգային պարկը, տվյալ շրջանի էկոլոգիան, և տնտեսական օգուտներ լինեն։
«Մենք հիմա բնապահպանական պլանի ձևավորման փուլում ենք։ Եթե հաճախորդն այն ընդունի և հաստատի, մեզ էլ ամեն ինչ ձեռք տա, ապա նախագծին վերջնական միանալու որոշում կկայացվի»,– նշել է Իլյինը։
Հիմա այդ պլանը ձևավորվում է, ու բանկում հուսով են, որ այն պատրաստ կլինի ու կներկայացվի տարեվերջին։
Իլյինը նաև հույս է հայտնել, որ հաճախորդի հետ բնապահպանական պլանը վերջնական համաձայնեցնելուց հետո այն կներկայացվի հանրությանը։
Ավելի վաղ բանկից հայտնել էին, որ բնապահպանական նոր փորձաքննություն են պատվիրել։
Հիշեցնենք` այս տարվա փետրվարին Հայաստանի Հանրապետության կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով կողմերը պարտավորվել են մոտ 150 մլն դոլարի ներդրում կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում: Նաև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս 100 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ։
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am