Հայաստանում կարծրատիպ է կոտրվել՝ կանայք բիզնեսում ավելի ակտիվ են
«Madam Women’s Union» գործարար կանանց Ակումբը մեկ հարկի տակ համախմբել է իրենց ոլորտներում կայացած, նպատակասլաց, հաստատակամ, առաջընթացի ձգտող կանանց, որոնք միմյանց հետ կիսվում են փորձով ու գիտելիքներով՝ դառնալով միմյանց համար մոտիվացիայի ու բիզնեսի զարգացման աղբյուր: Գործարար կանանց արդյունավետ համագործակցությունը խթանելու նպատակին են միտված ամենատարբեր հանդիպումները։ Իսկ դա տալիս է իր արդյունքը, համոզված են Ակումբի անդամները։
Հայաստանում կանանց ներկայացվածությունը տնօրենների խորհուրդներում լիարժեք չէ։ Թեեւ կանանց պոտենցիալը մեծ է, բայց դեռեւս ներկայացվածություն չունեն խորհուրդներում։ Այս մասին են վկայում «Կանայք տնօրենների խորհրդում» հետազոտության տվյալները, որը Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը ներկայացրեց «Մադամ» գործարար կանանց ակումբում կազմակերպված հերթական հանդիպմանը։
«Կանանց՝ դեպի խորհուրդ առաջընթացի վրա բացասաբար է ազդում նաեւ կանանց կրկնակի զբաղվածությունը»,- ejc.am-ի հետ զրույցում ասաց Նարինե Մելիքյանը։ Նրա խոսքով՝ մասնակից գործարար կանանց այս դասընթացը հնարավորություն է տալիս տեղեկացված լինել, որ տնօրենների խորհուրդներում տեղ ունեն։ Իսկ տեղ ունենալու համար առաջին հերթին պետք է աշխատել սեփական հմտությունները կատարելագործելու ուղղությամբ։ «Ինչքան էլ մենք ջատագովենք կանանց ներկայացվածությունը խորհրդում, կա մի որոշիչ չափորոշիչ՝ դա պրոֆեսիոնալիզմն է։ Թե կանայք, թե տղամարդիկ պետք է խորհրդում ներկայացված լինեն միայն շնորհիվ իրենց պրոֆեսիոնալիզմի։ Նախապատվությունը տրվում է փորձին, փորձառությանը, գիտելիքներին, կարողություններին։ Ես քննարկման ժամանակ հիշատակեցի Եվրոպական հանձնաժողովի դիրեկտիվը, որն այն մասին է, որ, եթե կան պրոֆեսիոնալ հատկանիշներով տարբեր սեռերի թեկնածուներ, եւ կազմակերպության խորհրդում կա այդ սեռերից որեւէ մեկի թերներկայացվածություն, ապա ընտրությունը տրվում է թերներկայացված սեռի ներկայացուցչին, բայց առաջնահերթ չափանիշը պրոֆեսիոնալիզմն է»,- ասաց նա։
Նարինե Մելիքյանը նշեց, որ նման քննարկումները միայն դրական ազդեցություն են ունենում։ Որքան շատ քննարկումներ կազմակերպվեն այս խնդիրների մասին, ընդլայնեն մասնակիցների շրջանակը, հնարավոր է, որ որոշակի ժամանակահատված հետո դա կառաջացնի նաեւ որակական փոփոխություններ։
Նարինե Մելիքյանի խոսքով՝ պետությունը պետք է առաջնորդող դիրքերում լինի խաղի կանոնների մշակման հարցում․ «Այդ խաղի կանոնները կարող են լինել ինչպես խիստ կանոններ՝ օրենսդրական կարգավորումների տեսքով, այնպես էլ փափուկ՝ կորպորատիվ կառավարման կանոնագրքի տեսքով»։ Նարինե Մելիքյանը կանանց խորհուրդ է տալիս ավելի համարձակ լինել, սեփական կարողություններն օբյեկտիվ գնահատել։ «Չպետք է սպասեն, որ ինչ-որ մեկն իրենց օգնելու է, նույնիսկ օրենքով սահմանված քվոտաները, նպատակային կամ թիրախային ցուցանիշների սահմանումն անհրաժեշտ, սակայն բավարար պայման չեն, որպեսզի պրոֆեսիոնալը հայտնվի խորհրդում։ Խորհրդում հայտնվելու համար պետք է գործարար միջավայրում ապահովես քո ճանաչելիությունը։ Պետք է շատ համարձակ, համառ լինել, կանայք բարձր որակական հատկանիշներ ունեն, ուղղակի մի փոքր համարձակությունն է պակասում»,- ասաց նա։
«Մադամ» գործարար կանանց ակումբի անդամ Ռոմինա Հարությունյանը Արտաշատում գործող «Ռոմինա Հարությունյան» զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրենն է։ Նրա խոսքով՝ Հայաստանում կանայք ավելի շատ են սկսել ղեկավար դիրքեր զբաղեցնել, իսկ տղամարդիկ կամաց-կամաց զիջում են իրենց դիրքերը։ «Կանայք ավելի նպատակասլաց ու գործուն են դարձել, աշխատանքում ավելի շատ են ճկունություն դրսեւորում, քան տղամարդիկ։
Շատ հաճելի է, երբ աշխատում ենք տղամարդ գործընկերների հետ, նրանց կարծիքը եւս շատ կարեւոր է, ես կարեւորում եմ հավասարությունը»,- ejc.am-ի հետ զրույցում ասում է Ռոմինա Հարությունյանը։ Նա նշեց, որ իր գործունեության ոլորտի օրինակը բերելով՝ կարող է ասել, որ կանայք ավելի աշխատասեր ու ձգտող են։
Անդրադառնալով «Մադամ» ակումբի գործունեությանը՝ Ռոմինա Հարությունյանն ասում է, որ այն իր համար մոտիվացնող աղբյուր է։ «Նմանատիպ հանդիպումներից հետո ես լցվում են դրական էներգիայով ու լավ գաղափարներով։ Իմ ընկերների հետ այստեղ շփումն ինձ տալիս է փորձի փոխանակման մեծ հնարավորություն։ Երբ ես բաց եմ թողնում ակումբի որևէ հանդիպում, զգում եմ դրա պակասը։ Իմ ոլորտում ամեն օր զարգացում կա, հետեւաբար, մեզ ամեն օր պետք են նոր գիտելիքներ, գաղափարներ ու ձեռքբերումներ։ Իսկ «Մադամը» մեզ հնարավորություն է տալիս վերցնելու, այսինքն՝ ինչքան շատ լինի գործընկերների հետ շփումը, այնքան մենք կվերցնենք։ Փորձի փոխանակումը հօգուտ մեր գործունեության է։ Այս ակումբն, իրոք, հրաշալի հարթակ է մեզ համար, այստեղ հավաքվածներս լավ աչքով ենք նայում իրար, փորձում են օգնել, օգտակար լինել միմյանց եւ մեր «Մադամի» անունը բարձր պահել»,- հավելեց Ռոմինա Հարությունյանը։
Գյումրիում գործունեություն իրականացնող «Գլոբալ ֆին» հաշվապահական գրասենյակի տնօրեն Ասյա Գալստյանը նույնպես մասնակցում էր այս քննարկմանը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանում արդեն կարծրատիպեր են կոտրվում։ «Նախկինում կար կարծրատիպ, որ կինը չի կարող տնօրենների խորհրդում նորմալ ղեկավարել։ Մենք սովոր ենք, որ տղամարդիկ բիզնես ունեն, կանայք օգնում են, բայց ոչ մի տեղ չեն երեւում։ Հիմա փորձում ենք այդ կարծրատիպերը կոտրել, ինքներս ենք արդեն տնօրեն, հավաքում են թիմ»,- նշեց նա։ Ասյա Գալստյանի խոսքով՝ կարծրատիպերը կոտրվեցին, քանի որ ընդհանուր միջավայրն է փոխվել, եթե կինը գիտելիք ու կրթություն ունի, կարող է բավականին լավ գաղափարներ ունենալ ու դրանք կյանքի կոչել։ «Նպատակ չկա տղամարդկանցից ավելի ուժեղ լինել, նպատակ կա, որ մեր ձայնը լսվի, հավասարություն լինի,գենդերային հարցեր չլինեն»,- հավելեց նա։ Ասում է՝ Գյումրիում, որտեղ տեսակետ կա, որ կարծրատիպերն ավելի խորն են, կին ղեկավարներ կան այսօր, եղել են նաեւ նախկինում։ «Գյումրիի տնտեսական միջավայրում կանայք մեծ դեր են խաղում, մոտ 20-30 տոկոս են կազմում կին գործարարները։ Իմ հաճախորդների մեջ կին գործարարներ շատ կան։ Հին ավանդական բիզնեսների մեջ կարող է եւ մնացել են տղամարդիկ, բայց նոր ու հետաքրքիր բիզնեսներում կանայք են հիմնականում ներկայացված»,- հավելեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով «Մադամ» ակումբի շրջանակներում կազմակերպվող նմանօրինակ հանդիպումներին ու դասընթացներին՝ Ասյա Գալստյանը ևս կարծում է, որ դրանք նոր գիտելիք ստանալու հնարավորություն են տալիս․«Սա փորձի փոխանակում է, հնարավորություն լսելու ուրիշի բիզնեսի մասին։ Ես արդեն համագործակցում եմ «Մադամի» կանաց հետ, փորձի փոխանակում ենք իրականացնում, ինչքան այդ կապերն ամուր լինեն, այնքան շահում ենք բոլորս»։
Ստոմատոլոգիական կենտրոնի համահիմնադիր Լիլիթ Խլղաթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կանայք ավելի շատ բիզնես մտածելակերպ ունեն, քան տղամարդիկ։ «Ես իմ օրինակը կարող եմ բերել՝ ավելի զգուշավոր եմ, ավելի հեռատես եմ, թիմային եմ։ Տղամարդիկ ավելի շատ արագ արդյունք ակնկալող գործարարներ են։ Ես մեծապես համոզված եմ, որ կնոջ եւ տղամարդու ներկայացվածությունը բիզնեսում պետք է գոնե հավասար լինի։ Հայաստանում կարծրատիպ է կոտրվել՝ կանայք բիզնեսում ավելի ակտիվ են։ Ես կարծում եմ՝ այստեղ ավելի շատ իր դերն ունի համացանցի ավելի ազատ տարածումը, լրագրողների ու լրատվամիջոցների դերը, գործարար ակումբները, որոնք հնարավորություն են տալիս, որ կին գործարարները սկսեն միմյանց հետ համագործակցել ու հաջողություն ունենալ»,- ասաց նա։
«Մադամ» գործարար կանանց ակումբին իր անդամակցության առումով, Լիլիթ Խլղաթյանը նշեց՝ Ակումբի հանդիպումները նոր գաղափարներ ու մտքեր ստանալու հնարավորություն են տալիս․ «Օրինակ՝ այսօրվա հանդիպման ժամանակ ես որոշեցի, որ պետք է գնամ և ավելացնեմ կանանց դերը իմ ընկերությունում»։