Նպատակ ունենք արևային կայանների հզորությունը հասցնել 1500 մեգավատի. Սանոսյան

Հայաստանի կառավարության համար ոգևորիչ են հաջողությունները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են արևային էներգետիկայի ոլորտում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Բոլոր ցուցանիշները, որ դրել ենք, հաճախ ոչ միայն դրանց հասնում ենք, այլև գերազանցում ենք: Մենք բավականին խրախուսող քաղաքականություն ենք վարում արևային էներգիայի սարքավորումների տեղադրման առումով, և դա իր արդյունքը տալիս է: Մեր ռազմավարությամբ նպատակ ունենք արևային կայանների հզորությունը հասցնել 1500 մեգավատի», - ասաց Գնել Սանոսյանը:

Սանոսյանը կարևորեց նաև ատոմակայանի շահագործման կրկնակի երկարաձգման գործընթացը: Նախարարը նշեց՝ նպատակ ունեն ատոմակայանի շահագործման լիցենզիան երկարաձգել ևս 10 տարով՝  2026 թվականից հասցնելով մինչև 2036 թվական: Նա հիշեցրեց, որ այդ ընթացքում՝ շահագործմանը զուգընթաց, պլանավորում են ունենալ նոր ատոմային էներգաբլոկ:

«Մեզ համար շարունակում է մեծ հետաքրքրություն ներկայացնել անդրսևծովյան մալուխի ծրագիրը, և մենք աշխատանք ենք տանում գործընկեր երկրների հետ, որպեսզի Հայաստանը այդ ծրագրի մասնակից դառնա»,- եզրափակեց նախարարը: