«Ջրային ոլորտում բարեփոխումները կիսատ են, սխալներն ուղղելու ժամանակն է»․ Ադիբեկ Ղազարյան
Միջազգային փորձագետ, Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի նախկին տնօրեն Ադիբեկ Ղազարյանը ejc.am-ի հետ զրույցում անդրադառնում է ոռոգման համակարգում առկա խնդիրներին
«Եթե ԽՍՀՄ տարիներին Հայաստանում ոռոգելի հողատարածքների ծավալը 283 հազար հեկտար էր, ապա ԽՍՀՄ փլուզումից հետո տարբեր ցանքատարածություններ դուրս մնացին ոռոգումից՝ տարբեր պատճառներով։ «Հողեր ստացան մարդիկ, ովքեր երբեք չէին ունեցել հող և չէին էլ շտապում ոռոգել, ասել է թե՝ մշակել։ Եվ վերջին տվյալներով՝ կադաստրով հաստատված էր 208 հազար հեկտար ոռոգելի հողատարածք, որից Ջրային կոմիտեն իր կառույցներով ոռոգում էր մոտ 130 հազար հեկտարը։ Այս համակարգի գլխին մեծ փորձանքներ եկան հենց ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ներտնտեսային ցանցերը սովետի ժամանակ ոռոգում էին կոլխոզ-սովխոզները, պետական ոռոգման նախարարություն կար, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո կոլխոզ-սովխոզները փլուզվեցին, հողերը բաժանվեցին մի քանի հարյուր հազար մարդկանց միջև։ Եվ դա մեծ խնդիրների հանգեցրեց, եթե կոլխոզ-սովխոզները չկային, ներտնտեսային ցանցերն ովքե՞ր պետք է շահագործեին։ Պետությունը փորձեց, շատ անհաջող ստացվեց, և մենք սկսեցինք կորցնել ոռոգման տարածքները։ Համաշխարհային բանկը և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամն (IFAD) առաջարկեցին այն մոդելը, որն աշխարհի շատ երկրներում է ներդրված, ասացին՝ ներտնտեսային ցանցը դուք չեք կարող կառավարել պետականորեն և առաջարկեցին հողի մշակումը և ոռոգումը տալ գյուղացուն։ Եթե հողը տվել եք գյուղացուն, ջուրն էլ տվեք, ինքը պետք է կառավարի ջուրը, ոչ թե Երևանում նստած մարդը։ Գյուղացիները մեզանից լավ գիտեն, թե ե՞րբ է իրենց ջուր պետք։ Առաջարկվեց Ջրօգտագործողների ընկերություններ՝ ՋՕԸ-ներ ստեղծել։ Համաշխարհային բանկը նաև առաջարկեց, որ ՋՕԸ-ների լավ աշխատանքի համար անհրաժեշտ է, որ դրանցից յուրաքանչյուրը 4-5 հազար հեկտար տարածք սպասարկեն։ Եվ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման ծավալների դեպքում են ֆինանսական և տեխնիկական հնարավորությունները թույլ տալիս արդյունավետ սպասարկել համակարգը»,- ասում է մասնագետը։
Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի 80 տոկոսը հենց ոռոգելի հողերի վրա է արտադրվում։ 2002 թվականից ստեղծվել են ՋՕԸ-ները, և ինչպես Ադիբեկ Ղազարյանն է ասում, բավական հաջողություններ են գրանցվել։ «Երբ ՋՕԸ-ները սկսեցին աշխատել, պետական կառույցները գրեթե չէին կարողանում ջրի վարձը հավաքագրել ֆերմերներից, 1 մլրդ դրամ էր գնահատվում նրանց կողմից հավաքագրվելիք գումարը, որից կանխիկ հավաքագրվում էր ընդամենը 400 մլն դրամ։ Մենք միանգամից դա դադարեցրեցինք, ասացինք՝ գումար պետք է վճարել և միայն բանկերով։ 2012-2014 թվականներին մենք արդեն հասանք 4,3-4,5 մլրդ դրամ տարեկան հավաքագրման։ Դա այն գումարն էր, որը գյուղացիները վճարում էին ոռոգման դիմաց»,- ասաց մասնագետը։
Երբ ՋՕԸ-ները ստեղծվեցին, հատկապես մեծ հողատարածքներ ունեցողները դեմ էին դրանց
Ըստ Ադիբեկ Ղազարյանի՝ շատերն են ասում, որ ոռոգման ջուրը «կորչում է»։
«Այո, դա այդպես է, բայց «կորչում է» ոչ միայն այն պատճառով , որ համակարգը քանդված է։ Գյուղացին կվճարի, եթե համոզված լինի , որ այդ քանակությամբ ջուր իսկապես օգտագործել է։ Ներտնտեսային ցանցերում է կորուստը, նախ գյուղի ցանցում, հետո յուրաքանչյուր գյուղացու ջրբաշխման գործընթացում։ Այստեղ մասնագիտական հմտություններ են պետք, որ գյուղացին հասկանա, թե այդ ստացած ջուրն ինչպես է կառավարում։ Բոլորը հող են ստացել, բայց ոչ բոլոր գյուղացիներն են տիրապետում հմտություններին։ Յուրաքանչյուր ՋՕԸ պետք է ունենա իր ջրաչափ մասնագետը, որը կչափի ու կապացուցի, թե որքան ջուր է տրվել։ Այսինքն՝ համակարգում շատ խնդիրներ կան, բարեփոխումները կիսատ են, դա մեծ կառույց է, բարդ ենթակառուցվածքներով համակարգ է։ Երբ ՋՕԸ-ները ստեղծվեցին, շատերը դեմ էին դրանց։ Հատկապես դեմ էին մեծ հողատարածք ունեցողները։ Երևանում նստած, բայց հարյուրավոր ու հազարավոր հեկտարներ հող ունեին։ Երբ աշխատողները գալիս ասում էին՝ այսքան ջրի փող պետք է վճարել, հողերի տերերը դժգոհում էին, թե՝ ՋՕԸ-ները կաշառակեր են։ Մեր ժողովուրդը չի սիրում ՋՕԸ-ներին, ես համոզված եմ, որ հիմա էլ կան մարդիկ, որոնք ջրի համար չեն վճարում։ Եվ սկսեցին ՋՕԸ-ներին վարկաբեկել․ կառավարությունները փոխվում են, պատասխանատու, բարձրաստիճան պաշտոնյաներին բացատրում էիր, թե ՋՕԸ-ն ի՞նչ կառույց է, բայց անցնում էր ժամանակ, զանգ էր լինում, որ այստեղ տնօրեն կամ խորհրդի նախագահ նշանակեք այսինչ մարդուն։ Մենք բացատրում էինք, որ ֆերմերները պետք է ընտրեն տնօրեն։
Ինչո՞ւ ՋՕԸ-ներին չեն սիրել, որպեսզի իրենցից փող չվերցնեն։ Մեկ հեկտար հող ունեցողն ավելի շատ էր վճարում, քան մեծ մակերեսներով հողեր ունեցողները։ Եթե գլոբալ նայենք, սկսած 1991-1992 թվականներից, ջրային կառույցների նկատմամբ շատ վատ վերաբերմունք է ցուցաբերել, միշտ ուզել են օգտվել այդ համակարգից, բայց ոչինչ չտալ»,- ասում է Ղազարյանը։
Անդրադառնալով այսօրվա իրավիճակին՝ մասնագետը նշում է, որ Ջրառը չի ենթարկվում ՏԿԵՆ Ջրային կոմիտեին։ Այդպես չի կարող լինել, դա մեկ մարմին է, և կառավարում պետք է լինի մեկ կենտրոնից։ Նրա խոսքով՝ ՋՕԸ-ների նկատմամբ շատ սխալ քայլ արվեց 2015-2017 թվականներին՝ մեկ գիշերվա մեջ կառավարությունը որոշեց, որ ՋՕԸ-ները միավորվելու են, տնօրեններ նշանակվեցին ոչ մասնագետներ։ «38 ՋՕԸ-ները վերամիավորվեցին և ստեղծվեց 15 ՋՕԸ, որոնք 25 հազար հեկտար հողատարածք են սպասարկում։ Միջազգային փորձն ասում է, որ մեկ ՋՕԸ-ն չի կարող կառավարել նման մեծ հողատարածքներ, աշխատանքն արդյունավետ չէ։ 5000 հեկտար հողի վրա 5000 ջրօգտագործող կա, ՋՕԸ-ի տնօրենը շատ ուժեղ աշխատող պետք է լինի, որ կարողանա յուրաքանչյուրի հետ գոնե շաբաթը մեկ անգամ հանդիպել, խնդիրները լսել ու լուծել։ 20-25 հազար հեկտար հողօգտագործողներին ո՞նց է կառավարելու մեկ ՋՕԸ-ն, դա անհնար է։ Եվ ես կարծում եմ, որ այսօրվա կառավարությունն այս հարցը պետք է ուսումնասիրի և վերականգնի ՋՕԸ-ների նախկին մոդելը»,- ասաց նա։ Արդյունավետ կառավարման համար, ըստ Ադիբեկ Ղազարյանի, յուրաքանչյուր ՋՕԸ պետք է սպասարկի մոտ 5000 հա հողատարածք։ Միջազգային փորձն ու հաշվարկներն են դա ասում։
«Մենք գյուղացուն տվեցինք հող, դարձրեցինք սեփականատեր, բայց գյուղացին այդ հողը չի մշակում։ Այդ հողը չի կարող պատկանել մեկին, դա ազգին պահելու համար է, և դա չմշակելու համար գյուղացին տույժ-տուգանք չի վճարում։ Հողը պետք է մշակել։ Մենք ժամանակին հարց ենք բարձրացրել, որ, եթե գյուղացին հողը երեք տարի չի մշակում, պետք է ձեռքից վերցնել։ Ինձ մեղադրեցին այդ առաջարկն անելու համար»,- ասաց Ադիբեկ Ղազարյանը։ Նրա խոսքով՝ 2012, 2013, 2014 թվականներին Հայաստանում ջրային պետական կառույցների կողմից ոռոգելի հողերը կազմել են 125-128 հազար հեկտար։ «Երբ այդ ՋՕԸ-ները մեկ գիշերվա մեջ միավորեցին, հայտարարեցին, որ՝ այս տարի ոռոգված է ընդամենը 85 հազար հողատարածք։ Եվ ոչ ոք հարց չտվեց՝ այդ ինչպե՞ս 125 հազարից իջավ 85 հազար։ Հիմա էլ հասել են 95 հազարի, բա՞ մնացած 30 հազար հեկտարն ի՞նչ եղավ։ Մի հատ տեսնենք՝ այդ հողերն ի՞նչ են անում, ինչո՞ւ չեն մշակում»,- ասաց նա։
Ջուրը ռազմավարական ռեսուրս է, հավելում է մասնագետը, այն կառավարողը պետք է ուղիղ կապ ունենա երկրի առաջին դեմքի հետ, ֆունկցիաները ներսում պետք է հստակ բաժանված լինեն, նախարարությունը պետք է զբաղվի քաղաքականությամբ։ «Մեր հարևանների հետ կան քաղաքական ու անվտանգային հարցեր, ներդրումային հարցեր, իսկ համակարգում մինչև հիմա սովետական չափանիշով են աշխատում։ Մենք ունենք լավ մասնագետներ, դեռ ունենք, բայց մի 10 տարի անց կարող է չունենանք։ Մենք այդ մարդկանց պետք է պահենք, այդ մարդիկ պետք է երիտասարդ կադրեր կրթեն։ Եթե մենք դա չանենք, գյուղատնտեսությունը շատ իներտ կառույց է, դանդաղ է քանդվում, բայց որ քանդվեց, միանգամից կքանդվի։ Առանց ոռոգման գյուղատնտեսությունը չի կարող գոյատևել։ Եթե մենք ուզում ենք, որ գյուղատնտեսությունը զարգանա, ՋՕԸ-ները պետք է վերականգնվեն այն տարբերակով, որի մասին խոսեցի։ Եվ որպեսզի գործից անտեղյակ մարդիկ ավել-պակաս չխոսեն, սուբսիդիաները ՋՕԸ-ներից պետք է հանվեն»,- հավելեց Ղազարյանը։
Ի՞նչ հրատապ խնդիրներ կան ոռոգման համակարգում
Ոռոգման ենթակառուցվածքը բավական բարդ է, մինչև հիմա ինչքան ներդրումներ եղել են, դրանցով փորձել են համակարգը պահել ու մոդեռնիզացիայի ենթարկել,- ասում է Ադիբեկ Ղազարյանը։ Բայց հիմա, նրա խոսքով, եկել է այն պահը, որ մենք պետք է սկսենք նոր տեխնոլոգիաների մասին մտածել։ «Գյուղացիներին պետք է համոզենք ու ապացուցենք, որ հեռանկարը նոր տեխնոլոգիաների մեջ է։ Դա կլինի կաթիլային ոռոգման համակարգը, թե այլ մեթոդ։ Ուղղակի խոսքերով գյուղացին ոչ ոքի չի հավատում, ինքը պետք է համոզվի, որ քիչ ջուր է օգտագործում, բայց շատ բերք է ստանում։ Եթե մենք պիլոտային ծրագրեր իրականացնենք, այդ մարդկանց մասնակից դարձնենք, նրանք կհամոզվեն, և դա կտարածվի։ Բայց դա ծախս է պահանջում, կառավարությունը պետք է, անպայման, լուրջ մասնակցություն ունենա այս հարցերին։ Եթե մաքուր ջուրը հասցնենք գյուղացուն, նա կաթիլային համակարգը կկառուցի։ Մենք ունենք ֆերմերներ, որոնք բավական առաջ են գնացել, արդեն պատրաստ են դա անել։ Խնդիրն այն է, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ջուրը քիչ կորչի, խոշոր ջրամբարներ պետք է կառուցենք։ Մենք սակավաջուր երկիր չենք, բայց Արարատյան դաշտը սակավաջուր է։ Այն, ինչ ունենք և այն ինչ օգտագործում ենք, մեծ տարբերություն կա։ Նախքան ոռոգման սեզոնի մեկնարկը, գարնան ջրերը գնում ու կորչում են, եկեք այնպես անենք, որ չկորչեն»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով Եվրասիական զարգացման բանկի կողմից 2015 թվականից իրականացվող «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրին՝ Ադիբեկ Ղազարյանն ասաց, որ այն հաջողված ծրագիր է։ «Մենք 2002 թվականից հասկացանք, որ ամեն ինչ պետք է անենք ոչ միայն կորուստները նվազեցնելու համար, այլև ամենամեծ խնդիրն այն է, որ բավական շատ էլեկտրաէներգիա է օգտագործվում ոռոգման համակարգում։ Որոշեցինք, որ պետք է անցնենք ինքնահոսի համակարգին, ճանապարհը շատ պարզ էր։ Եվ մենք սկսեցինք այդ ծրագրերը մշակել, բավական մեծ ծավալով կրճատեցինք էլեկտրաէներգիայի օգտագործումը։ Այս ծրագիրը դրա շարունակությունն է, և բավական լուրջ ազդեցություն է ունենում ջրի ինքնարժեքի վրա»,- ասաց նա։
Ըստ Ա․ Ղազարյանի՝ սխալներն ուղղելու և ռեֆորմները տրամաբանական ավարտին հասցնելու ժամանակն է, պետք է ստեղծել նոր ինստիտուցիոնալ կառույց, որնիր վրա կվերցնի այդ ամբողջ պատասխանատվությունը։