Հիփոթեքային շուկան գերտաքացած է, արդյունաբերության վարկերը նվազում են. ո՞ւմ են վարկավորում բանկերը. hetq.am

Բանկերը ակտիվորեն վարկավորում են շինարարության ու ծառայությունների ոլորտը, էապես աճում են սպառողական և հիփոթեքային վարկերը։ Հիփոթեքային շուկան գերտաքացած է։ Փոխարենը արդյունաբերության ոլորտն է սկսել թույլ վարկավորվել։

2023 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում տեղի քաղաքացիների՝ ռեզիդենտների վարկերի ընդհանուր ծավալը 4.9 տրիլիոն դրամ է կազմել։ Այս մասին են վկայում Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները։ Մեկ տարվա ընթացքում բանկերի ընդհանուր վարկային պորտֆելն աճել է 901 մլրդ դրամով կամ 22%-ով։ 

Բացի արդյունաբերությունից, տնտեսության մյուս ոլորտների վարկերի ծավալը բավականին արագ մեծանում է։ Միայն արդյունաբերության ոլորտում է անկում գրանցվել, որը համահունչ է նաև արդյունաբերության այսօրվա վիճակին։

Այսպես, բանկերի վարկային պորտֆելում այսօր մենամեծ կշիռն ունեն հիփոթեքային ու սպառողական վարկերը։

2023 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ սպառողական վարկերի ծավալը բանկերում հատել է 1 տրիլիոն դրամի շեմը (1.072 տրլն դրամ կամ բանկերի ընդհանուր վարկերի 22%-ը)՝ մեկ տարվա ընթացքում աճելով 21%-ով։

Սա նշված ժամանակահատվածի դրությամբ Հայաստանի 18 բանկերում միասին գրանցված վարկերի ծավալն է, այդ պահին գործող վարկերը։ Այսինքն՝ ոչ թե մեկ տարվա ընթացքում է այդքան վարկ տրվել, այլ նախորդ տարիներին տրված և մարված վարկերը ևս այստեղ հաշվարկված են։

Բանկերի կողմից տնտեսության վարկավորման հաջորդ խոշոր ուղղությունը հիփոթեքն է։ Հիփոթեքային վարկերի ծավալը Հայաստանի բանկային համակարգում ևս հատել է 1 տրիլիոն դրամի շեմը (1.046 տրլն դրամ կամ բանկերի ընդհանուր վարկերի 21%-ը) և այս տեմպերով շարունակվելու դեպքում կգերազանցեն սպառողական վարկերին։

Մեկ տարվա համեմատությամբ հիփոթեքային վարկերի ծավալը 2023 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ աճել է 27%-ով։ Դրան նպաստել է ակտիվ կառուցապատումը Երևանում և հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, որը աստիճանաբար դադարեցվում է։ Իսկ քանի դեռ այն գործում է, կառուցապատողները շտապում են շինթույլտվություններ ստանալ, գնորդները՝ հիփոթեքային վարկեր ձեռք բերել։

Արդյունքում, «կատաղի» տեմպով ավելանում է շինարարությունը Երևանում, որի հետևանքներից է նաև շինարարության ոլորտին տրված վարկերի ծավալի նույնքան բարձր աճը։ Նոյեմբերի վերջի դրությամբ շինարարության ոլորտի վարկերի ծավալը հայաստանյան բանկերում կազմել է մոտ 484 մլրդ դրամ՝ մեկ տարում աճելով 42%-ով։

Հոդվածն ամբողջությամբ՝ hetq.am