Վահան Քերոբյան․Ամուլսարի բաժնետոմսերի հանձնումը կառավարությանը այս պահին երկու կողմերի համար ընդունելի որոշում էր

Ամուլսարի հանքը շահագործող "Լիդիան Արմենիա" ընկերության կողմից բաժնետոմսերի նվիրատվությունը Հայաստանի կառավարությանը ընկերության որոշումն էր: Այդ մասին հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։

"Կառավարությանը որպես գործընկեր վերցնելը նպատակահարմար է ընկերության համար՝ աշխատելու համար ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու համատեքստում, ավելին, դրա շնորհիվ բազմաթիվ ռիսկեր կհամահարթվեն", - ասել է նախարարը:

Ընդ որում, նա նշել է, որ ընկերության նման որոշումը կարող է ժամանակավոր ռազմավարություն լինել,  կառավարությունը եւս չի ծրագրում լինել Ամուլսարի նախագծի հավերժական գործընկերը: <Նման ելքը տվյալ պահի համար լուծում է և ընդունելի երկու կողմերի համար՝ այս պահին: Եվ մենք հույս ունենք, որ մինչև տարեվերջ Ամուլսարի հանքը շահագործման կհանձնվի>, - եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ի նիստում կառավարությունը հաստատել է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը որպես նվիրատվություն ընդունելու մասին որոշումը: Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, 2023 թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Ըստ փոխնախարարի՝ հուշագրով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը։ «Ծրագրի արդյունավետ իրագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի չափով ներդրումներ։ Շինարարության ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի, տրամադրել նաև 7 միլիոն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուր 12 ամսյա ժամանակահատվածի համար։ Հուշագրի շրջանակում ընկերությունը պարտավորվել է նաև ՀՀ կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը՝ առանց կառավարության կողմից ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու, առանց կառավարության մասով որևէ պարտավորության»,-ասել է Անի Իսպիրյանը:

Ըստ փոխնախարարի՝ հուշագրի համաձայն ՀՀ-ն «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից թողարկված 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12,5 տոկոսը, այսինքն՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր կընդունի: Միաժամանակ, նախատեսվում է բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, և նշյալ նվիրատվությունն ընդունելու համար Էկոնոմիկայի նախարարությունը կկնքի համապատասխան պայմանագիրը։

Հանքավայրը Հայաստանում պաշարների մեծությամբ երկրորդն է։ Ընկերության տեղեկատվության համաձայն, հանքավայրը պարունակում է մոտ 73733 կգ ոսկի՝ 1 տոննայում  0,78 գ  միջին պարունակությամբ, ինչպես նաև՝ 294.367 տոննա արծաթ՝  1 տոննայում 9.29 գ  միջին պարունակությամբ: Այն գտնվում է երկրի հարավ-արևելքում, Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջնամասում։

Ալինա Հովհաննիսյան

Աղբյուրը՝   finport.am