«Զվարթնոց» օդանավակայանում մեկ շաբաթում առանց լիցենզիայի 13 տաքսի է հայտնաբերվել
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է առանց լիցենզիայի ուղևորափոխադրումներ իրականացնող 13 տաքսիստ։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է խստացված վերահսկողությունը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։
Ըստ հաղորդագրության՝ 2024թ․ հունվարի 19-26-ը պարեկային ծառայողների հետ իրականացրած մշտադիտարկման ընթացքում «Զվարթնոցի» տարածքում հայտաբերվել են 13 տրանսպորտային միջոց, որոնք ուղևորափոխադրում են կատարել առանց համապատասխան լիցենզիայի առկայության։
Նշվում է, որ հայտնաբերված իրավախախտ 13 տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Տեսչական մարմնից հիշեցրել են` տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներն ու մասնավոր ընկերությունները պետք է լիցենզավորված լինեն։
Համաձայն սահմանված կարգի՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունում ներգրավված մարդատար տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝
- մինչև 7 տարվա արտադրության,
- սպիտակ հիմնագույնի,
- գործարանային վառելիքային համակարգով շահագործվող,
- ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով,
- «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։