Որքա՞ն է կազմում Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024 թ. հունվարի 1-ի դրությամբ
2023թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 937.5 հազ. մարդ, իսկ 2024թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 2 990.9 հազ. մարդ:
Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքի` քաղաքային բնակչությունը կազմում է 1 915.3 մարդ, գյուղականը՝ 1 075.6 մարդ։
2023 թվականից բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է ըստ ՀՀ 2022թ. մարդահամարի արդյունքների, և ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 2022թ. ցուցանիշը ևս վերահաշվարկվել է այդ հիմքով:
2023 թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ-ում ծնվել է 36 հազար 265 մարդ, մահացել՝ 24 հազար 305։ Մասնավորապես մայրաքաղաք Երևանում 2023թ. հունվար-դեկտեմբերին ծնվել է 10 հազար 529 մարդ, մահացել՝ 8 հազար 178 մարդ։
Բնական հավելաճը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 11 հազար 960 մարդ, գրանցվել է ամուսնության 16 հազար 207 դեպք, ամուսնալուծության՝ 4 հազար 525 դեպք։
2023թ. հունվար-դեկտեմբերին սեռերի հարաբերակցության գործակիցը կենդանի ծնված նորածինների շրջանում կազմել է 110.7 տղա՝ 100 աղջկա հաշվով։
2023թ. հունվար-դեկտեմբերին բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 149.2%, 2022թ. նույն ժամանակաշրջանի 136.3%-ի համեմատ: