Երևանը չի կողմնորոշվել, թե ով է Հայաստանում ԱԷԿ կառուցելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին կառավարության նիստում ներկայացրել է փոքր մոդուլային ԱԷԿ-ների կառուցման առավելությունները:
Նա հիշեցրել է, որ ՀՀ միջուկային անվտանգության կոմիտեի 2023 թվականի տարեկան հաշվետվության ընթացքում կոմիտեի մասնագետները ներկայացրել են "կենսական կարևոր տեղեկատվություն", որը կօգնի Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ հետագա որոշումների կայացմանը: Մասնավորապես, այն մասին, որ մոդուլային կայանում վթարը համարվում է լոկալ միջադեպ ։ <Այլ կերպ ասած՝ եթե վթար է տեղի ունեցել, պարտադիր չէ տարհանել մոտակա բնակավայրերի բնակիչներին: Սա տվյալ տեխնոլոգիայի առավելություններից մեկն է", - հստակեցրել է վարչապետը։
Ընդ որում, Փաշինյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են ուսումնասիրել նոր ԱԷԿ-ի կառուցման բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի կողմնորոշվեն հանրապետության շահերի տեսանկյունից առավել շահավետ առաջարկի հարցում:
Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայկական ԱԷԿ-ում կսկսվի N2 էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագրի իրականացումը։ Այդ նպատակներին կուղղվի 20,2 մլրդ դրամ։ Նշված ժամկետին զուգահեռ երկրում պետք է կառուցվի նոր ատոմային էներգաբլոկ։ Հարցն առնչվում է տվյալ բլոկի հզորությանը, որը պետք է համատեղվի երկրի էներգահամակարգի հետ։
Ավելի վաղ ԱՄՆ-ն Երեւանին առաջարկել էր փոքր մոդուլային ռեակտորների կառուցման իր տարբերակը, ինչի մասին հայտարարել էր ԱՄՆ կառավարության օգնության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին:
Իր հերթին՝ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է 1200 Մվտ հզորությամբ էներգաբլոկի իր նախագիծը, սակայն, ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նման հզորության էներգաբլոկի կառուցումը հղի է խնդիրներով, քանի որ Հայաստանի ողջ էներգետիկ համակարգի հզորությունները կազմում են հենց 1200 Մվտ: "Մինչև 2023 թվականի ավարտը մենք պետք է բարդ որոշում կայացնենք ռեակտորի տեսակի վերաբերյալ", - ընդգծել էր նախարարը:
Նաիրա Բադալյան
Աղբյուրը` finport.am