ԵՄ ԱԳՆ խորհուրդը հավանություն է տվել Կարմիր ծովում ռազմածովային առաքելություն ստեղծելուն

Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ երկրների արտգործնախարարները հավանություն են տվել Կարմիր ծովում նավագնացության պաշտպանության համար ռազմածովային առաքելության գործարկմանը։ Ուժերը հրամանատարությունը կստանձնի Իտալիան։ Այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին։

«ԱԳՆ խորհրդում հենց նոր հավանության արժանացրինք Aspides ռազմական գործողության գործարկումը, որտեղ ուժերի հրամանատարությունը կստանձնի Իտալիան», – Х սոցցանցում հայտնել է նախարարը։
 
Տայանիի խոսքով` նոր առաքելությունը մեծ քայլ է ընդհանուր եվրոպական պաշտպանություն ստեղծելու ճանապարհին։
 
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափի մեծ մասը, ավելի վաղ նախազգուշացրել էր, որ գրոհելու է Իսրայելի հետ առնչություն ունեցող ցանկացած նավ` հորդորելով մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմերին այդ նավերից և ծովում դրանց չմոտենալ։ Մի շարք նավագնացային ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։
 
Հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում իրենց գործողություններն ուղղված են Գազայի հատվածում պաղեստինցիների օգնությանը, և պնդել, որ այդ շրջանում չեն խոչընդոտում նավագնացությանը։ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հունվարի կեսերից հարված են հասցնում հութիների օբյեկտներին` դա անվանելով պատասխան Կարմիր ծովում նավագնացությունը խոչընդոտելու սպառնալիքներին։ «Անսար Ալլահի» բարձրագույն քաղխորհրդի անդամ Մուհամմեդ Ալի ալ–Հուսին այդ հարվածները ահաբեկչական բարբարոսություն, կանխամտածված և չարդարացված ագրեսիա է որակել։
 
Աղբյուրը`   armeniasputnik.am