Էմիրություններ, Մոնակո․․․ ՌԴ-ից եկածներն ավելացրել են փողի հոսքը Հայաստանից դեպի ֆինանսական հանգրվաններ

Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստան ժամանած բազմաթիվ օտարերկրացիները (առաջին հերթին՝ ռուսաստանցիները) ավելացրել են մեր երկրից մասնավոր տրանսֆերտների արտահոսքը դեպի համաշխարհային ֆինանսական հանգրվաններ։ Իհարկե, շատ հարուստ ռուսաստանցիները նախընտրում են գնալ ոչ թե Հայաստան, այլ Էմիրություններ, Կիպրոս կամ Բալի։ Սակայն իրենց գումարների առնվազն մի մասը նրանք Ռուսաստանից դուրս են բերում հենց Հայաստանի միջոցով։ Պարզ է, թե ինչու․ Հայաստանը մնում է ռուսական կապիտալի համար ամենաապահով ու բարենպաստ երկրներից մեկը, հետևաբար՝ այստեղով հարմար է գումարները տեղափոխել Եվրոպա, Ամերիկա կամ նույն Դուբայ։ 
Այս ամենն ակնհայտ է դառնում, եթե նայենք ԿԲ-ի տվյալներն ու համեմատենք  Հայաստանից դեպի «ապահով հնագրվաններ» փոխանցումների դինամիկան՝ 2021 թվականին (այսինքն՝ ռուսաստանցի ռելոկանտների ժամանումից առաջ) և 2023-ին։ Այստեղ առանձնացրել ենք այն երկրները, որտեղ բանկերը շատ խիստ չեն՝ կապիտալների ստուգման հարցում։                          
Դուբայը դարձել է հարուստ և անգամ բարձր, միջին խավի ռուսաստանցիների արագաղթելու ամենանախընտրելի վայրերից մեկը։ Մոնակոն, Շվեյցարիան ու Կիպրոսն արդեն այլ մակարդակի ուղղություններ են՝ շատ հարուստների համար, սակայն վերջիններս պարտադիր չէ, որ Հայաստան ժամանեն անձամբ․ նրանց գումարները կառավարող բազմաթիվ ներդրումային ընկերություններ և մասնագետներ կան: