Լվովյան փողոցում մարտի 5-ին նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը մարտի 4-ին հանդիպել է Լվովյան փողոցի բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու դիտարկումները:
Ֆեյսբուքյան իր էջում Արմեն Փամբուխչյանը տեղեկատվություն է ներկայացրել հանդիպման վերաբերյալ:
«Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երևանին՝ ավելացնելով կանաչ գոտիներ:
Նշված փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն:
Մենք ընդլայնված կազմով ևս մի քանի քննարկում կունենանք՝ հետագա գործողությունների հետ կապված», - գրել է Փամբուխչյանը:
Օրեր առաջ Արմեն Փամբուխչյանը հայտնել էր, որ քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն: