Ռուս- ուկրաինական ռազմական կոնֆլիկտի հետևանքները Հայաստանի տնտեսության համար

Արևմտյան երկրների մասշտաբային պատժամիջոցները և Ռուսաստանի պատասխան գործողություններն արդեն իրենց հետևանքներն  ունեն ոչ միայն կոնկրետ իրենց, այլ նաև համաշխարհային տնտեսության համար: Դեռևս հնարավոր չէ ամբողջական գնահատել  Ռւսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական կոնֆլիկտի վնասը: Պատերազմը շարունակվում է, և հայտնի չէ՝ թե ե՞րբ և ինչպե՞ս այն կավարտվի:

Արևմուտքի (և նրանց միացած մի շարք այլ պետությունների ) սանկցիաների ցանկը անշեղորեն աճում է: Ռուսաստանի հակազդիչ գործողությունները նույնպես իրենց «ներդրումն» ունեն նախկինում ձևավորված քաղաքական և տնտեսական կապերի քայքայման գործում:

Համաշխարհային տնտեսությունը, որը մեծ վնաս է կրել COVID-19 սկսվելուց ու տարածվելուց հետո, կրկին հայտնվել է  լճացման և անկման ռեալ վտանգի առջև: Մի շարք երկրներում արդեն իսկ կան գալիք ճգնաժամի առաջին նշանները: ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի ներկայացուցչի խոսքերով, մթերքի թանկացման պատճառով աշխարհում կարող է սով սկսվել :

Իսկ Հայաստանի համար, իր փոքր տնտեսությամբ և գլոբոլիզացման գործընթացների մեջ բարձր մակարդակի ներգրավվածությամբ, արտաքին գործոնները կարող են բավականին ծանր տնտեսական հետևանքներ ունենալ: Այդ հետևանքների լայն գունապնակից առանձնացնենք միայն մի քանի հիմնականները:

Ինչպես հայտնի է, արտաքին առևտրաշրջանառությունն ավանդաբար բնորոշվում է մեր երկրի համար հսկայական բացասական սալդոյով: Անցած տարին ևս բացառություն չեր: Ներմուծման ծավալը համարյա 1,8 անգամ գերազանցում էր արտահանման ծավալը, իսկ բացասական սալդոն ( առանց մարդասիրական օգնության) կազմել է $2,3 մլրդ:

Հիմնավորապես կրճատել կախվածությունը շատ ապրանքների ներկրումից անհնար է պատկերացնել: Մեր ներկրվող ապրանքների ցանկում նշանակալի մասնաբաժինը կազմում են այն ապրանքները, որոնց լիարժեք այլընտրանքը Հայաստանում չկա: Դա, առաջին հերթին, էներգակիրներն են – բնական գազը Ռուսաստանից,  նաև նաֆթամթերքները նույն Ռուսաստանից, ինչպես նաև մի շարք այլ երկրներից:

Բնական գազն իր ծավալով առաջին տեղն է գրավում Հայաստան ներմուծվող ապրանքների շարքում: Նույնիսկ, եթե այդ ցուցանիշից հանենք իրանական գազը (որը ստացվում է ապրանքափոխանակության հիմունքներով, փոխանակվելով նրանից ստացված էլեկտրաէներգիայի հետ) , միևնույնն է ռւսական խաղովակաշարային գազը զբաղեցնում է առաջին տեղը:

Մեր երկրի տոտալ գազաֆիկացումը չափազանց մեծացրեց երկրի կախվածությունը Ռուսաստանից բնական գազի մատակարարումներից: Դրա չափաքանակը Հայաստանի ներմուծման ընդհանուր ծավալում անցյալ տարի կազմել է շուրջ 8%: Եթե  մեր երկիր ռուսական գազի մատակարարումը անկանոն ընթացք ստանա, կարող է կրկնվել «ցուրտ» 90-ականների պատկերը:

Մինչդեռ հացը և հացամթերքը անփոխարինելի դեր են կատարում Հայաստանի ժողովրդի սննդակարգում, մանավանդ մեր հասարակության անապահով խավի շրջանում: Կարևորագույն սննդամթերքը հասցրել էր թանկանալ դեռ մինչև Ուկրաինայում իրադարձությունների ծավալումը (փետրվարին -9,2% տարեկան հաշվարկով):Հացի գնի սպասվող աճն էլ ավելի կավելացնի մեր երկրում աղքատության մասշտաբները: Կաճեն նաև բազմաթիվ այլ սննդամթերքների գները, որոնց ռեսուրսները (ամբողջովին կամ մասնակի) ձևավորվում են ներմուծման հաշվին:

Վնասներ կկրի նաև հայկական ապրանքների արտահանումը: Միայն մեկ օրինակ. անցյալ տարի Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների 30% ապահովել են ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները: Ռուսաստանի մասնաբաժինը մեր թունդ սպիրտային խմիչքների արտահանման ծավալում հասնում է 80%:

Այս ապրանքախմբում մեծ է հայկական կոնյակի չափաբաժինը, որը պահանջարկ ունի հիմնականում Ռուսաստանի միջին խավի ներկայացուցիչների շրջանում: Սակայն, նկատելի գնաճը բացասական է անդրադարձել ռուսաստանյան սպառողների գնողունակության վրա: Արդյունքում՝ հերթական խնդիրներն են առաջացել Ռուսաստանում կոնյակի սպառման հետ: Արտահանման անկումը անխուսափելիորեն կհանգեցնի կոնյակի արտադրության ոլորտի լճացման, և ծանր կանդրադառնա Հայաստանի խաղողագործության վրա:

Արտաքին առևտրի ընդհանուր արդյունքը կլինի բացասական սալդոյի աճը արտահանման մեջ հումքի տեսակարար կշռի ավելացումն ի վնաս պատրաստի արտադրանքի տեսակարար կշռի:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանից  դրամական փոխանցումներ են ստանում հայաստանյան տասնյակ հազարավոր ընտանիքներ: Մեծամասամբ այդ դրամական փոխանցումները կատարում են  այդ երկրում աշխատող մեր սեզոնային միգրանտները: Վերջիններիս համար այդ երկիր մեկնելու և այնտեղ աշխատանք գտնելու հնարավորությունները բավականին կբարդանան: Նաև կյանքը այդ երկրոում բավականին կթանկանա: Որոշ գնահատականներով, Ռուսաստանի ՀՆԱ-ն կարող է կրճատվել 8%,  իսկ գնաճը կհասնի  20%:

Տարբեր գնահատականներով, այդ երկրից դրամական փոխանցումների ընդհանուր գումարը կիսով չափ կարող է կրճատվել : Սա ծանր կանդրադառնա ընտանիքների բյուջեի վրա, որոնք տրանսֆերտներ էին ստանում Ռուսաստանից:  Մյուս հետևանքը կարող է լինել Հայաստանում տարադրամի դեֆիցիտի աճը, ինչը, իր հերթին, բացասական ազդեցություն կունենա ներմուծման վրա:

Պոտենցիալ ռիսկի խմբում են գտնվում ռւսական կապիտալով ընկերությունները: Վերջինս առկա է էներգետիկայի, հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության ոլորտներում և այլն: Այդ ընկերություններն ապահովում են հազարավոր աշխատատեղեր և նրանք են ապահովում մեր  երկրի բյուջեի  հարկային մուտքերի  զգալի մասը:

Այսպես, անցյալ տարի  Հայաստանի1000 խոշորագույն հարկատուների ցանկում «ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում էր 2-րդ տեղը, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն՝  5-րդ տեղը, «ՄՏՍ Արմենիա» ՍՊԸ –ն՝  8-րդ տեղը և այլն: Արդյո՞ք պատժամիջոցները կտարածվեն նաև Հայաստանում այդ ընկերությունների վրա, հայտնի չե: Մնում է միայն հուսալ, որ նման բան չի լինի:

Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների բացասական հետևանքները Հայաստանի համար վերը նշվածներով չեն սահմանափակվում: Ռազմական գործողությունների էսկալացիան Ուկրաինայում կարող է  համաշխարհային տնտեսության համար լուրջ խնդիրների հանգեցնել, որոնք չեն շրջանցի նաև մեր երկիրը :