2021 թվականի ընտրություններին հաջորդած երեք տարվա արդյունքներով տնտեսական աճի թիրախն ապահովված է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարությունը ապահովել է 2021 թվականից հետո սահմանած տնտեսական աճի թիրախը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մարտի 12-ի ասուլիսի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2023 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 8.7 տոկոս տնտեսական աճ: Այստեղ ճշգրիտ լինելու համար ասեմ, որ ֆինանսների նախարարության և Վիճակագրության կոմիտեի միջև որոշակի քննարկում կա աճի ճշգրիտ թվի հետ կապված, բայց վստահ ենք, որ տնտեսական աճը 8 տոկոսից ավելի է: Հընթացս երևի կճշգրտվի կամ կմնա նույնը:

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված կառավարությունը 2021-2026 թվականներին տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը սահմանեց որպես առանցքային թիրախ: 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 12.6 տոկոս տնտեսական աճ: 2021 թվականին 5.8 տոկոս տնտեսական աճ:

Ըստ այդմ, ընտրություններին հաջորդած երեք տարվա արդյունքներով՝ տնտեսական աճի թիրախն ապահովված է: Բազմիցս եմ նշել, որ Հայաստանի պետական շահը տնտեսական զարգացումն է, որից պետք է բխեն կառավարության քաղաքականություններն ու որոշումները: Տնտեսական զարգացումն է, որ Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտա սպասարկել պետական օրակարգն իր ամբողջության մեջ: 

Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալող և հարկեր վճարող բոլոր անձանց, ովքեր 2023 թվականի պետական բյուջեի համար ռեկորդային՝ 2 տրլն 222 մլրդ դրամ հարկային եկամուտներ են ապահովել: Այդ ցուցանիշը 2017 թվականի պետական բյուջեի եկամուտների համեմատ ավելի է շուրջ 92 տոկոսով կամ 1 տրլն 64 մլրդ դրամով», - նշեց Նիկոլ Փաշինյանը: