Սիգի ապօրինի որսի կամ արդյունահանման համար վնասի խոշոր չափ կհամարվի 150.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը, որը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը:
Կկիրառվի մակերեւութային եւ ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական եւ քրեական պատասխանատվություն` ստորերկրյա ջրային ռեսուրսներն առավելագույնս պահպանելու նպատակով:
Օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը կնպաստի Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավմանը, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավմանը, սիգի կայուն զանգվածի պահպանմանը, արդյունագործական որսի իրականացմանը: Մասնավորապես` սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը:
Մտքերի փոխանակության ընթացքում հանձնաժողովի անդամները մտահոգություն են հայտնել ջրի կորուստների կապակցությամբ, ներկայացրել առաջարկներ` ուղղված ջրային ռեսուրսների պահպանությանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: