Կփակվե՞ն ռուսական հեռուստաալիքները Հայաստանում. ԲՏԱ նախարարը մանրամասներ է ներկայացնում
Առաջիկայում հայկական կողմը կներկայացնի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ լուծումների իր առաջարկները։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«ՀՀ կառավարությունն ունի իր պատկերացումները և լուծումները Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների գործունեության վերաբերյալ։ Առաջիկայում Մոսկվայում տեղի են ունենալու խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ համաձայնագիրը։ Այդ ընթացքում հայկական կողմը կներկայացնի լուծումների վերաբերյալ իր առաջարկները»,–ասաց նա։
Մխիթար Հայրապետյանը վստահեցրեց, որ առաջարկվող լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ ՀՀ պետական շահերից, այն է` ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը որևէ պարագայում չի ենթադրի ՀՀ-ի նկատմաբ ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ պետական խորհրդանիշերի, պետության նկատմամբ, ինչպես նաև ՀՀ ժողովրդի հույզերի ու արժանապատվության նկատմամբ։
«Ցանկացած որոշում, որը որդեգրում է Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, առանցքում հայ ժողովրդի և ՀՀ-ի արժանապատվության հարցն է դրված»,– հավելեց նախարարը։