Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կարող են պլանավորածից երկար տևել
Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են․ կամրջի վերանորոգման աշխատանքները, հնարավոր է, պլանավորածից ավելի երկար տևեն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը։
«Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են մոտ 6 տոկոսով։ Բազալտե աստիճանավանդակի ապամոնտաժման և նորի տեղադրման, ինչպես նաև կամարների վերին հատվածների վնասված մակերեսների վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, հենարաններում կատարվում է հարթակների առաստաղների և պատերի վերանորոգում», - ասաց Գեղամյանը։
Երևանի քաղաքապետի հարցին, թե այս տարի ի՞նչ ծավալի աշխատանքներ են նախատեսվում, Տիգրան Գեղամյանը պատասխանեց․
«Մենք պլանավորել էինք այս տարի վերանորոգման աշխատանքներն ավարտել, սակայն ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ Ի հայտ են եկել նոր աշխատանքներ, որոնք պետք է իրականացվեն։ Արդեն իսկ դիմել ենք նախագծող կազմակերպությանը, որպեսզի այդ աշխատանքները ներառեն նախագծի մեջ, ու հնարավոր է շինաշխատանքների ժամկետի երկարացում»։