Վրաստանում ներկայացրել են Լարսի այլընտրանքային ճանապարհի կառուցման նախագծի մանրամասները

Վրաստանում ներկայացրել են Վերին Լարս տանող, տարածաշրջանում ամենաերկար թունելի կառուցման մանրամասները։
Ինչպես հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գեորգի Ծերեթելին, նախագծի իրականացման գործում զգալի առաջընթաց է գրանցվել:

«Շինարարական աշխատանքները լավ են ընթանում։ Մոտ ժամանակներս մենք կավարտենք 9 կիլոմետրանոց թունելի հորատումը», – ասել է Ծերեթելին։

Հաջորդ փուլը կլինի օդափոխության համակարգի, հակահրդեհային մեխանիզմների տեղադրումը։

Վարչությունն ավելի վաղ հայտնել էր, որ նախագիծն ավարտին կհասցվի 2025 թվականին: Խոսքը Խաչի լեռնանցքի տակ գտնվող 9 կիլոմետրանոց թունելի մասին է։ Սա Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածի (Գուդաուրի-Կոբի) շրջանցիկ ճանապարհի մի մասն է։ 15 մետր տրամագծով թունելով երթևեկությունը կիրականացվի 2 ուղղությամբ, 3 գծով: Յուրաքանչյուր 500 մետրում կլինեն տարհանման ելքեր։

Զուգահեռ ընթանում է տարհանման թունելի շինարարությունը, 9 կիլոմետրից 6,8-ն արդեն փորվել է։

Աղբյուրը՝   arm.sputniknews.ru