Արտաշատի սոցիալապես անպահով երեխաներին և 60-ից բարձր տարիքի անձանց կմատուցվի ատամնաբուժական անվճար ծառայություն
Ֆրանսիայի հայ բժիշկների միությունը / UMAF/ արդեն շուրջ 30 տարի Հայաստանի տարբեր համայնքներում հանդես է գալիս բարեգործական մի շարք ծրագրերով:
Միությունն հերթական ծրագիրն իրականացնում է Արտաշատ համայնքում, քանի որ մեր համայնքում են բնակվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեծ թվով անձինք և Արտաշատն արդեն 20 տարուց ավելի է, ինչ համագործակցության հաջող փորձառություն ունի Ֆրանսիայի Քլամար քաղաքի հետ:
Միությունը, համագործակցելով համայնքապետարանի հետ, շուրջ երկու ամիս համայնքում բնակվող արցախահայերի և Արտաշատ համայնքի սոցիալապես անպահով 0-18 տարեկան և 60-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների համար կիրականացնի ատամնաբուժական անվճար ծառայություններ՝ շարժական շրջիկ ատամնաբուժարանում, որտեղ կան ատամնաբուժարանի համար նախատեսված բոլոր գործիքներն ու սարքավորումները:
Օրերս Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և Արտաշատում գտնվող՝ Ֆրանսիայի հայ բժիշկների միության նախագահ Միշել Շահինյանը հետևել են շրջիկ ատամնաբուժարանի աշխատանքներին:
Կառլեն Մկրտչյանը ողջունել է նախաձեռնության իրականացումը մեր համայնքում և շնորհակալություն է հայտնել ֆրանսահայ բարեկամներին: