Երևանում ջրականգի պատճառներից մեկը հեղեղատարների իսպառ բացակայությունն է. Կամո Արեյան

Երևանում վերջին օրերի առատ տեղումները խնդիրներ են առաջացրել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում` կրկին մատնանշելով համակարգի բացերը։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

«Տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում խնդիրների առաջացման պատճառներից մեկը հենց այդ հատվածում տեղումների ծավալն է, մյուսը՝ հեղեղատարների իսպառ բացակայությունը, օրինակ, Արշակունյաց պողոտայի աջակողմյան հատվածում», – ասաց Արեյանը։

Նա ընդգծեց, որ ջրականգի պատճառների մեծ մասը պայմանավորված է եղել և՛ թողունակությունը չբավարարելու, և՛, իհարկե, հեղեղատարերի մաքրման աշխատանքների հետ:
«Այս պահի դրությամբ խնդիր ունենք Վարդանանց-Խանջյան խաչմերուկում, որտեղ խափանվել է մակերևութային ջրերի հեռացման պոմպային ամբողջ համակարգը», - ասաց նա։
Նրա խոսքով` խնդրի պատճառն արդեն պարզել են, և այսօր դրա վերացման աշխատանքների առաջին փուլը կավարտեն։
Կամո Արեյանը նաև զեկուցեց, որ երեկ անցել է Ողջաբերդի առվի երկարությամբ՝ գտնելու ելք, որպեսզի կասեցվի ջրի հեղեղը դեպի Էրեբունի վարչական շրջան, բայց այդ ամբողջ 13 կմ-ի վրա որևէ տեղ որևէ փականային համակարգ չկա, որպեսզի մեղմացնեն գետի հունը։
«Կառուցապատողը պարտավորվել է ամբողջությամբ նույն ձևով, նույն լայնությամբ, նույն թեքությամբ վերականգնել Ողջաբերդի առվի այդ հատվածը, որովհետև որևէ երաշխիք չկա, որ նորից ջուրը չի լցվի այդտեղ», - ասաց նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին ընդգծեց, որ արդեն մեղավորներ փնտրելն էլ կարևոր չէ, որովհետև կա մի իրավիճակ, երբ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք հանգուցալուծում չեն ստացել:
«Այս տարի կառավարության, «Վեոլիա ջրի» մեր գործընկերների հետ պետք է որևէ հանգուցալուծման գնաք», - ասաց Ավինյանը:

Աղբյուրը`   arm.sputniknews.ru