ՀՏԶՀ աշխատանքային խումբն այցելել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի նորակառույց դպրոցների շինհրապարակներ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ-ի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը հերթական այցն է իրականացրել Արմավիրի և Արագածոտնի մարզերի նորակառույց դպրոցների շինհրապարակներ։
Մասնավորապես, Մրգաշատ գյուղում նախկին դպրոցի տարածքում արդեն վեր են խոյանում նորի հենասյուները։ Նկուղային հարկով կառուցվող նոր երկհարկանի դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Նկուղում նախատեսված է թաքստոց, շենքում' 4 աստիճանավանդակ, 1 վերելակ, տանիքում կտեղադրվի 232 վահանակով արևային ֆոտովոլտային կայան։ Դպրոցը հենաշարժողական խնդիրներ ունեցող, սայլակով տեղաշարժվող երեխաների համար կունենա հարմարեցված սանհանգույց, թեքահարթակ, ինչպես նաև ամբարձիչ։ Տարածքը կբարեկարգվի, ինչպես նաև կկառուցվի մարզադաշտ և մարզահրապարակ։
Հաջորդ կանգառը Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի դպրոցում էր, որը ևս կառուցվում է նախկինի տեղում։ Այն նախատեսված է 432 աշակերտի համար, կունենա նկուղ, որը կծառայի նաև որպես ժամանակավոր թաքստոց։ Շենքում նախատեսվում է 4 աստիճանավանդակ, 1 վերելակ, տանիքում 232 վահանակով արևային ֆոտովոլտային կայան։ Շենքն ամբողջովին հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց։
ՀՏԶՀ աշխատանքային խումբն այցելել է նաև Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի նորակառույց միջնակարգ դպրոցի շինհրապարակ։ Նախկինի տեղում կառուցվող նոր երկհարկանի, 432 աշակերտի համար նախատեսված դպրոցն ունի ժամանակավոր թաքստոց հանդիսացող նկուղ։ Այստեղ ևս շենքի տանիքում կտեղադրվի 232 վահանակով արևային ֆոտովոլտային կայան, դպրոցը հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը հորդորել է շինարարներին աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու համար ավելացնել աշխատուժի թիվը։ Հիմնադրամի ինժեներներին հանձնարարել է խստորեն հետևել որակի պահանջներին։