Թեև պետական բյուջեի եկամուտներն աճել են, այդուհանդերձ պետական եկամուտների պլանը կատարվել է 93.2%-ով․ Հայկազ Ֆանյան

 ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքի իջ էջում գրել է․
 
Այս վերջին ամսվա լրահոսում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անտեսվեց մի կարևոր տնտեսական փաստ՝ 2024թ-ի 1-ին եռամսյակում թեև պետական բյուջեի եկամուտներն աճել են 38.1 մլրդ դրամով, այդուհանդերձ՝ պետական եկամուտների պլանը կատարվել է 93.2%-ով, ընդ որում՝ հարկային եկամուտների և պետական տուրքերի մասով կատարողականը ավելի ցածր է եղել 92.0%։
Սա «դեղին դրոշ» է, որը պահանջում է հարկային եկամուտների աճի նոր աղբյուրներ նույնականացնել, հարկման ավելի օպտիմալ մոտեցումներ ներդնել ու այս առումով ամենաիրատեսականը «ոսկերչության» ոլորտի հարկային բեռի բարձրացումն է։ Արդարության համար պետք է նշել, որ այս ուղղությամբ քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են։
Ինչպես պարզ է դառնում տվյալներից, ներմուծումից ԱԱՀ-ն կրճատվել է 26.6 մլրդ դրամով, ինչը թերևս հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների վերարտահանման բիզնեսի անկմամբ։ Հարկ է նշել նաև, որ դիտարկվող ժամանակահատվածում դրամը արժեզրկվել է 2.3%-ով, ինչը այլ հավասար պայմաններում պիտի նպաստեր հարկման բազայի աճին։
Հիփոթեքային վարկերի վճարված տոկոսների գումարի վերադարձը, որը նախկինում նվազեցվում էր եկամտային հարկից, 2024թ-ից ձևակերպվում է որպես պետական բյուջեի ծախս, որի գծով հաշվետու ժամանակահատվածում հատկացվել է 16.4 մլրդ դրամ: Այսինքն, եկամուտների փաստացի աճը ավելի քիչ է եղել։