Քննարկվել են շինարարական թույլտվությունների պարզեցված ընթացակարգին վերաբերող հարցեր
Քաղաքաշինության ոլորտի թվայնացմանը վերաբերող տարաբնույթ հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում էին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ղեկավարի տեղակալներ Արամ Գուգարացն ու Գևորգ Մնուկյանը, կոմիտեի իրավաբանական վարչության պետ Նանե Ղազարյանը։
Սուրեն Թովմասյանը կարևորել է երկու կառույցների տեխնիկական և իրավաբանական թիմերի համաժամանակյա աշխատանքը՝ պետական կառույցների հետ քաղաքացիների շփումն էլեկտրոնային հարթակ տեղափոխելիս համարժեք օրենսդրական դաշտ ապահովելու համար։
Ինչպես տեղեկացնում են Կադաստրի կոմիտեից, հանդիպմանը քննարկվել են քաղաքաշինական կադաստրի ձևավորմանը, առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը, շինարարական թույլտվությունների պարզեցված ընթացակարգին վերաբերող հարցեր։
Դիտարկվել են Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվող օրենսդրական նախագծերը և դրանց վերաբերյալ գործընկեր կառույցի առաջարկները։ Անդրադարձ է եղել նաև շինարարական թույլտվությունների www.e-permits.am հարթակի և Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգերի տվյալների փոխկապակցմանը։