Տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը
Այսօր՝ մայիսի 14-ին, ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` հայկական կողմից և ՎԶԵԲ փոխնախագահ Մատեո Պատրոնեն` ՎԶԵԲ կողմից:
Ծրագրով նախատեսվում է ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում հիմնել Մաքսային և լոգիստիկ կենտրոն: Կենտրոնը կբարձրացնի մաքսային գործառնությունների արդյունավետությունը և թափանցիկությունը, կբարելավի ծառայությունների մատուցման որակը և «Մեկ պատուհանի» ներդրման արդյունքում կկրճատի մաքսազերծման ծառայությունների համար պահանջվող ժամանակը։