ԵՄ-ի և Թումո կենտրոնի համատեղ ֆինանսավորմամբ Երևանում նոր ինովացիոն լաբորատորիա կստեղծվի

Այսօրվանից մինչև մայիսի 16-ը՝ երեք օր մեր երկրում են հյուրընկալվել  աշխարհի ավելի քան 70 երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆինանսական ընկերությունների ղեկավարներ ու ձեռնարկատերեր, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ մասնակցելու Վերակառուցման և զարգացման Եվրոպական Բանկի ամենամյա 33-րդ տարեկան հանդիպմանը: Այն այս տարի անցկացվում է Երևանում: Դրա շրջանակներում շուրջ 2000 մասնակիցներ նաև հնարավորություն կունենան մասնակցել «Ազդեցության համատեղ գործադրում» խորագիրը կրող  Գործարար համաժողովին:

Հենց այսօր մեկնարկած ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպման շրջանակներում, հանդիպում տեղի ունեցավ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ  ելույթով հանդես եկան  հայազգի գործարար,  մի շարք հեղինակավոր ընկերությունների հիմնադիր Նուբար Աֆեյանը, միջազգային  ընկերությունների այլ  ներկայացուցիչներ ու ղեկավարներ: Նուբար Աֆեյանը բացման խոսքում ոգևորությամբ կարևորեց համաժողովի անցկացումն իր հայրենիքում: Խոսեց իր հետագա հայրենանվեր ծրագրերի մասին: Համաժողովի ընթացքում քննարկվեցին նաև  առևտրի, էներգետիկայի և գործարար ոլորտին վերաբերող այլ  հարցեր: 

Դրան  հաջորդեց ԵՄ-ի և Թումո կենտրոնի համատեղ ֆինանսավորմամբ  Երևանում նոր ինովացիոն  լաբորատորիա ստեղծելու ծրագրի իրականացման քննարկումը: Ծրագրին միացան նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Ինեկոբանկը, որոնց միջև կնքվեց  Ֆինանսական փաստաթուղթ՝  իրենց ֆինանսական աջակցությունը բերելով ծրագրի աջակացմանը:

Փաստաթուղթն իրենից ենթադրում է շուրջ 14,5 միլիոն եվրոյի աջակցության ծրագիր, սակայն ծրագրի ամբողջ բյուջեն կազմում է 30 մլն եվրո: Այն կխթանի Երևանում ԵՄ Թումո կենտրոնի զարգացմանը: Մասնավորապես նորարարության և տնտեսական աճի բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով Երևանում կկառուցվի  այնպիսի ինովացիոն կենտրոն, որը հագեցած կլինի ինժեներական և կիրառական գիտություններին համապատասխան նորագույն սարքավորումներով:

Ծրագիրն իրականացնողների խոսքով՝ շենքը մտադիր են կառուցել 2,5 տարում: Ճարտարապետական նորագույն լուծումներով այս շենքը կունենա հորիզոնական երկնաքերի տեսք: Այն իր մեջ կընդգրկի կոնֆերանսների և միջոցառումների համար նախատեսված սրահներ՝ ինչպես կրթական, այնպես էլ տարաբնույթ  ծրագրեր իրականացնելու համար: Կենտրոնը կառուցվելու է ներկայիս Թումո կենտրոնի հարևանությամբ:

Թումո կենտրոնի զարգացման գծով հիմնադիր Բեկոր Փափազյանի խոսքով՝ եթե ներկայիս կենտրոնում հաճախում են  միայն մինչև 18 տարեկանների խումբը՝ ապա վերջինս  նախատեսված է տվյալ տարիքային շեմից բարձր անձանց համար: Կարևորելով  ծրագրի իրականացումը՝ նշեց որ այն միտված է  Հայաստանում զարգացնել գիտական և տեխնոլոգիական  կյանքը: Հետագայում արդեն այդպիսի Թումո լաբորատորիաներ կստեղծվեն նաև մարզերում: