Անտառտնկման աշխատանքներ «Սևան» ազգային պարկի Դարանակ տեղամասում

Գարնանային ծառատունկի շրջանակներում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ն անտառտնկման աշխատանքներ է իրականացրել ազգային պարկի Դարանակ տեղամասում։
Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության` անտառնկման աշխատանքները կատարվել են 5 հա տարածքի վրա, որի համար օգտագործվել են շուրջ 10 000 տնկիներ։
Որպես տնկանյութ օգտագործվել են «Սևան» ազգային պարկի Մարտունու տնկարանում աճեցված բարդու և ազգային պարկի տարածքից բնական վերաճից ստացված հացենու և ակացիայի տնկիներ։
Այս ծառատունկը նաև ազգային պարկի տարածքում սոճիների չորացման դեմ համալիր պայքարի շրջանակում է։